L`Oreal-ը հայտարարում է բիզնեսի զարգացման նոր ծրագիր

L`Oreal-ը վերանայում է իր կայուն զարգացման նպատակները 2030 թվականի համար և սկսում է նոր L`Oreal for the Future ծրագիրը, որի մասին հայտարարվել է անցած հինգշաբթի օրը: Ծրագիրը նախատեսում է, որ մինչև 2025 թվականը L`Oreal կոնցեռնի մաս կազմող յուրաքանչյուր ընկերություն կհասնի «ածխածնի չեզոքության»՝ 100 տոկոսով վերականգնվող էներգիայի միջոցով: Մինչև 2030 թվականը L`Oreal-ի արտադրանքը փաթեթավորելու համար օգտագործվող բոլոր պլաստիկե նյութերը կամ վերամշակվելու են, կամ ստացվելու են կենսառեսուրսներից: Բացի այդ, ընկերությունը նախատեսում է կիսով չափ կրճատել ջերմոցային գազերի արտանետումները 2016 թվականի համեմատ:

Ընկերությունը նաև ներկայացնելու է իր արտադրանքների համար էկոլոգիական նոր պիտակ՝ A- ից մինչև E դասակարգումներով: Այս մակնշմամբ առաջին արտադրանքները կլինեն Garnier մազերի խնամքի միջոցները: «L`Oreal-ը նոր դարաշրջան է մտնում: Մոլորակի առջև ծառացած մարտահրավերներն աննախադեպ են, և կարևոր է արագացնել տեմպը՝ մարդկության համար անվտանգ տարածք պահպանելու համար: Մենք գիտենք, որ ամենամեծ խնդիրները դեռ առջևում են, բայց L`Oreal-ը հավատարիմ կմնա իր հավակնություններին՝ գործել արդյունավետ նույնիսկ ամենաբարդ պայմաններում»,- հայտնել է L`Oreal-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ժան-Պոլ Ագոնը։