«Ես ամեն դերի և ռեժիսորի դերասան չեմ»․ Մարիանա Եղիազարյանի սպասվելիք նորություններն ու ընտանեկան կարանտինը

Արվեստն ու մշակույթը համավարակի արդյունքում ամենից շատ տուժած ոլորտներից են։ Դրանց ներկայացուցիչներից շատերը անգործության մատնվեցին ու կարանտինի հիմնական մասն անցկացրին տանը՝ զրկված աշխատանքից և սիրելի զբաղմունքներից։

ShowBiz.am-ի հետ զրույցում թատրոնի դերասանուհի Մարիանա Եղիազարյանը պատմեց իր և իր ընտանիքի ընտանեկան առօրյայից, չեղարկված պլաններից և ապագա ծրագրերից։ Ինչպես նաև անդրադարձավ թատրոնին, նախընտրած դերերին և իր հանդիսատեսին։

«Երբ սկսվեց համավարակը, մենք ամենայն զգուշությամբ հետևեցինք ու պահեցինք բոլոր ցուցումներն ու կանոնները, քանի որ երեխաներս դեռ բավականին փոքր են (մեկ և վեց տարեկան)։ Ամեն բանին շատ զգուշությամբ էինք վերաբերվում՝ թե՛ ես, թե՛ ամուսինս։ Պետք է ազնիվ լինեմ և խոստովանեմ, որ եթե այս կարանտինն էլ չլիներ, միևնույնն է իմ կյանքում էական փոփոխություններչէին լինի, քանի որ երեխաս դեռ փոքր է և ամբողջությամբ գտնվում է իմ խնամքի ներքո։ Այս ընթացքում երեխաներից զատ այլ հետաքրքրություններ ևս գտել եմ․ սկսել եմ օնլայն ներկայացումներ դիտել, չնայած որ թատրոնը երբեք օնլայն հարթակ չի եղել, բայց ամեն դեպքում չեմ կարծում, որ կհասնեի Լոնդոն այդ ներկայացումները դիտելու նպատակով։ Շատ կուզենայի գիրք կարդալ, բայց երբ այն վերցնում եմ ձեռքս, քնում եմ)) հոգնածությունն իրենն անում է։ Այս ընթացքում նաև ժամանակ եմ տրամադրում և խորացնում անգլերենի գիտելիքներս, քանի որ կարծում եմ, որ դերասանուհին իր մայրենիից բացի պետք է գոնե երկու այլ լեզվի էլ տիրապետի»,- պատմում է դերասանուհին։

Մարիանայի հիմնական հետաձգված պլանները կապված էին աշխատանքի հետ։ «Թատրոնում ցանկանում էինք վերականգնել այն ներկայացումները, որոնք խաղացել էինք մի քանի տարի առաջ, խոսքը վերաբերվում է «Մնաց յոթ օր», «Ես կին եմ» ներկայացումներին, վերջինիս օրն արդեն նշանակված էր, սակայն սկսվեց համավարակը, և մենք այն հանեցինք»,- կիսվում է դերասանուհին։

Ըստ Մարիանայի՝ թատրոնի և թատերասերների համար այս ժամանակահատվածը շատ մեծ սթրես է, քանի որ ամեն բան կանգնած վիճակում է գտնվում և չգիտեն, թե հետոն ինչ ընթացք կստանա։

Կարանտինը Մարիանայի և իր ընտանիքի համար բավականին հետաքրքիր և հագեցած է անցնում․ «Համավարակի սկզբում երեք ընկերների ընտանիքներով որոշեցինք միասին պահել կարանտինը՝ այդպիսով շփումն ապահովելով գոնե այդքանիս սահմաններում։ Պայմանավորվել էինք, որ բացի իրարից ոչ ոքի հետ պետք է չշփվենք ու այդպես էլ անում էինք, ինչը շատ մեծ պլյուս էր, քանի որ բացարձակ ինքնամեկուսանալն ու բացառել ամեն տեսակի կապը իրոք շատ ծանր կլիներ»։

Այս ընթացքում դերասանուհին շատ կարոտել է ծովն ու օդանավակայանները։ Ամառվա հետ ևս պլաններ ունեին, որոշել էին հանգիստն անցկացնել Հունաստանում, բայց․․․«Բայց էլի չենք բողոքում, քանի որ կարևորն առողջությունն է ու դրա պահպանումը»,- ասում է Մարիանան։
Դերասանուհին նաև նշում է, որ ամեն կիրակի ընտանիքով աշխատում են դուրս գալ քաղաքից և ինչ-որ հետաքրքիր վայրում իրենք ժամանցը կազմակերպել։ «Մեր բախտը բերել է նաև այնքանով, որ մերը սեփական տուն է, և ամբողջ օրը ստիպված չենք փակվել տանը, երեխաները բակում խաղալու և ժամանակ անցկացնելու հնարավորություն ունեն։ Մենք նաև շուն ունենք, որը ևս բավականին լցնում ու հետաքրքրացնում է մեր առօրյան»,- կիսվում է դերասանուհին։

Մարիանան նաև կիսվեց կարանտինի ընձեռած հնարավորություններով, ինչպես նաև առավելություններով ու թերություններով․ «Կարանտինն իրոք ֆանտաստիկ երևույթ է, այն գուցե ինձ համար այնքան էլ ֆանտաստիկ չի եղել, քանի որ ինչ-որ էական փոփոխություններ չեն կատարվել կյանքումս, բայց շատերի մոտ այն, ինչ խոսք, իր մեծ ազդեցությունն ու հետքն է ունեցել։ Սա լավագույն շրջանն է կյանքը վերանայելու և վերաարժեքավորելու համար, և սա միայն բառեր չեն, քանի որ գուցե էլ երբեք այսպիսի հնարավորություն չլինի հասկանալու համար՝ ինչ ես արել, ուր ես հասել և դեռ ինչ ես ցանկանում անել»։

Դերասանուհին նաև առաջարկեց տան պայմաններում խնամված և գեղեցիկ տեսք ունենալու իր տարբերակը․ «Կինը գեղեցիկ և խնամված տեսք ունենալու համար պետք է առաջնահերթ ունենա առողջ մարմին։ Եվ հավատացեք՝ դրանում դժվար բան չկա։ Ես ինքս սիրում եմ սպորտային կյանք վարել։ Ներկայումս տեխնոլոգիաներն այնքան են զարգացել, որ մեզ ամեն բանի հնարավորություն տալիս են։ Ընդամենը Յութուբում փնտրում ես քեզ հետաքրքրող տեսանյութը և դրան հետևելով կարողանում ես տան պայմաններում մարզվել և ինքնազարգանալ։ Երբ արյան շրջանառությունը լավ է կատարվում, գեղեցիկ և թարմ տեսք է ունենում նաև մաշկդ։ Ու դրա համար բոլորովին պարտադիր չէ գնալ և ինչ-որ մեկին վճարել։ Իհարկե, հաճելի է, երբ մասնագետն է աշխատում քեզ հետ, բայց, հաշվի առնելով ներկայիս պայմանները, պետք է ամեն հնարավորություն խելամիտ կերպով օգտագործել»։

Խոսելով թատրոնի և իր նախընտրած դերերի մասին՝ դերասանուհին նկատեց․ «Այս ընթացքում ամենաշատը կարոտել եմ թատրոնը, եթե ինչ-որ պահի սթրեսի մեջ եմ ընկնում, ապա դա լինում է միմիայն թատրոնի բացակայությունից։ Բայց դրան զուգահեռ պետք է նշեմ, որ չեմ խաղա ամեն դեր։ Թատրոնը հասարակությանը ուղղորդելու, կատարելագործելու հսկայական դեր ունի, և եթե ես հասկանամ, որ այն դերը, որն ինձ առաջարկում են, իրականում հանդիսատեսին ոչինչ չի տալու, ես այն երբեք չեմ խաղա։Ես ամեն դերի դերասան չեմ և ամեն ռեժիսորի դերասան չեմ»։

Դերասանուհին երբեք չի փոշմանել ընտրած մասնագիտության հարցում։ Ասում է, որ հարյուր անգամ էլ ծնվի, էլի դերասանի կոչումով է ապրելու․ «Իմ կարծիքով սա միակ մասնագիտությունն է մարդու մասին։ Թատրոնը, կարծես, մարդուն հենման կետ է տալիս, որի միջոցով դու սկսում ես ինքդ քեզ բացահայտել, գնահատել այն, ինչն ունես և հեռու մնալ նրանից, ինչը քեզ չի երջանկացնում»։

Շատերը պնդում են, որ օր օրի թատրոնում հանդիսատեսի թիվը նվազում է, սրա վերաբերյալ Մարիանան ևս իր կարծիքն ունի․ «Ի՞նչ եք կարծում՝ հանդիսատեսի՞, թե՞ բեմադրվող ներկայացումների խնդիրն է, որ մարդիկ չեն ցանկանում այցելել թատրոն։ Եթե ներկայացումն այդ մարդու մասին չէ, այդ ժամանակի մասին չէ, բնական է, որ այն չի գերի հանդիսատեսին։ Եթե մի օր իմ հանդիսատեսը որոշի այլևս թատրոն չգալ, ապա, ի՞նչ եք կարծում, խնդիրն իր մեջ է, ինքն է հիմար, որ չի գալիս, թե՞ ես այլևս իր մասին չեմ խոսում։ Միգուցե՞ ես այլևս իր խնդիրներին լուծում չեմ տալիս, որպես մարդ իրեն չեմ օգնում կատարելագործվել»։

Հեղինակ՝ Լուս Ավագյան