«Կյանքում ոչ բոլորին է հաջողվում 2 տարի անընդմեջ նշել 50-ամյակ». այսօր Զառա Արամյանի ծննդյան օրն է

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ դերասանուհի, հաղորդավարուհի Զառա Արամյանն այսօր՝ հուլիսի 1-ին, նշում է իր 50-ամյակը։ Շատերը գուցե զարմանան, որովհետև այնպես է ստացվել, որ սիրելի դերասանուհին իր 50-ամյակը նշել է դեռ անցած տարի։
Showbiz.am կայքի հետ զրույցում նա կիսվում է հետաքրքիր մանրամասներով։

«Սովորաբար կանանց տարիքը փոքրացնում են, իսկ իմ դեպքում՝ լրիվ հակառակը»,- պատմում է Զառան և հավելում․ «Ժամանակին կար Չեխոսլովակիա պետություն ու որպեսզի հայրիկիս ընկերոջ՝ Պրահայի ազգային թատրոնի տնօրենի հրավերով կարողանայինք ամբողջ ընտանիքով գնալ Չեխիա, իսկ ես դեռ անչափահաս էի ու անձնագիր չունեի, որի հիման վրա պետք է ստանայի արտասահմանյան կապույտ անձնագիրը (այն ժամանակ այդպես էր), հայրս, օգտվելով այն առիթից, որ ОВИР-ի (Անձնագրային և վիզաների վարչություն) պետն իր ընկերն էր, արեց խախտում ու տարիքս մեկ տարով մեծացրեցին…Ոչ այդ աշխատողը կա, ոչ հայրս, խախտումի վաղեմության ժամկետը անցել է, մնացել է այն, որ անձնագիրս, բոլոր փաստաթղթերս մեկ տարով ինձ մեծացնում են։
Անցած տարի այնքան շատ ինձ ասացին, որ ինչ ես մտածում 50-ամյակդ նշելու առումով, որ ամուսինս խորհուրդ տվեց քարը փեշիցս թափեմ ու նշեմ 50-ամյակը։
Ինչն էլ արեցի ու շատ գոհ եմ, որ ինձ դա հաջողվեց։ Առաջինը՝ կյանքում ոչ բոլորին է հաջողվում երկու անգամ նշել 50-ամյակ, և երկրորդը՝ դե բա այս տարի պանդեմիան սկսվեց, 20 հոգուց ոչ ավել չի կարելի, հաստատ չէի կարողա նշել։
Մի խոսքով,անցած տարի պետական բոլոր կառույցներից ու դեմքերից, բոլոր պաշտոնական ու անձնական շնորհավորանքները ստացել եմ, հանդիսությանս մասնակիցներից մեծ ուրախություն ու շնորհավորանքներ վայելել եմ ու բոլորին շատ շնորհակալ եմ, հրաշք տոն ինձ պարգևեցին։ Այս տարի արդեն իրական 50 տարին չոքեց դուռս, սև մազերս թափեց բուռս… »։

Զառա Արամյանը, իսկապես, շատ երիտասարդ է երևում․ հաղորդավարուհին կիսվում է, թե որն է իր գեղեցկության ու երիտասարդության իրական գաղտնիքը։

«Երբ առավոտյան նայում եմ հայելու մեջ, տեսնում եմ 50 տարեկան կին, բայց շատ թանկ ու կյանքով ապրած կնճիռներով, որոնցից չեմ ձերբազատվում, որովհետև նրանք իմ ապրած և՛ կյանքն են, և՛ կյանքի փորձը։ Բայց և համաձայն եմ Ձեզ հետ՝ երբ հոգիդ խաղաղ է, դու ավելի երիտասարդ ես երևում։
Ես մի անգամ էլ եմ այդ մասին հրապարակավ ասել, չեմ զլանա ևս մեկ անգամ էլ կասեմ․ եթե ասածս որևէ մեկին կարող է ուղղություն տալ, ես կհամարեմ իմ առաքելությունը կատարված․ երիտասարդ տարիքում բոլորս ենք գեղեցիկ․ դա երիտասարդություն է, երիտասարդ, էլաստիկ, ձիգ մաշկ է, աչքերի միջի փայլն է, կատարյալ մարմինն է, հղիությունների ու տարբեր հիվանդությունների տակ չճկռված, իսկ երբ տարիքն առնում է մարդն ու դեռ մնում է գեղեցիկ, դա բացառապես այն բանի շնորհիվ է, որ հոգին է գեղեցիկ, հոգին բարի է։
Եթե մարդ երիտասարդ տարիքում գեղեցիկ է եղել, և զարմանալաիորեն տարիքը առնելով դառնում է տգեղ անձնավորություն՝ հոգին դուրս է գալիս դեմքի վրա։ Իսկ երբ տարիքի հետ մնում ես գեղեցիկ կամ հակառակը՝ ավելի գեղեցկանում ես, ապա հենց հոգիդ է դուրս եկել դեմքիդ վրա։
Եթե ուշադիր լինեք տարիքով կանայք կան, բայց այնքան անուշ, գեղեցիկ են, ուրեմն իմացեք՝ ձեր առջև շատ բարի և խաղաղ անձնավորություն է, ում դեմքին իր հոգին է արտացոլվում։ Ես կուզեմ այդպես լինի նաև ինձ մոտ»,- ասում է Զառան։

Հիշելով անցած-գնացած տարիները՝ արտիստը նշում է, որ տարիքի հետ ձեռք է բերել բնավորության մի շատ կարևոր ու անհրաժեշտ գիծ՝ լռելու կարողություն։

«Առաջներում, երբ լսում էի նման արտահայտություն, չէի հասկանում իմաստը․ ինչպե՞ս կարելի է այդպիսին լինել, երբ կարող ես, երբ գիտես և ունես այդ պաշարն ինչ-որ բան  ասելու, պատասխանելու, բայց դու լռում ես։
Միևնույն է, ինչքան էլ չարչարվես, տեսակդ ինչպիսին էլ լինի, դա գալիս է տարիների հետ մեկտեղ, երբ դու սովորում ես լռել այն դեպքում, երբ կարող ես ինչ-որ բան ասել։
Մի անգամ, երբ երջանկահիշատակ Կարեն Դեմիճյանին հարցրին, թե ինչու՞ է լռում, ինչու՞ չի խոսում (նկատի ունեին քաղաքականության մեջ), նա ասաց. «Գիտե՞ք՝ լռելն ավելի դժվար է»։
Ես իրոք հիմա իմ մեջ այդ հատկանիշը համարում եմ մեծ ձեռքբերում, որովհետև հիմա հստակ գիտեմ, որ շատ վեճեր, շատ անհարթ պահեր, շատ սուր վիճակներ կարողանում ես անցավ ու նորմալ անցնել, երբ ուղղակի լռում ես։ Շատ դժվար է․ դա իմաստություններից մեկն է, որը գալիս է տարիքի հետ։ Շատ ուրախ եմ որ այդ «չակրան» ինձ մոտ բացվեց»,- ժպիտով կիսվում է հաղորդավարուհին։

Զառա Արամյանը նաև խոստովանում է, որ եթե հնարավորություն ունենար իր կյանքում ինչ-որ բան փոխելու, ապա կփոխեր միայն մեկ բան․ «Եթե հնարավորություն ունենայի փոխելու ինչ-որ բան, ավելի շուտ զավակներ կունենայի, որովհետև ես համարում եմ ինձ, հայկական չափանիշներով, ուշ մայրացած․ 33 տարեկանում եմ առաջին անգամ մայրացել։ Ես կցանականայի ավելի շուտ մայրանալ ու ավելի շատ երեխաներ ունենալ, որովհետև ամեն մի երեխայի հետ յուրովի ես փոխվում, յուրովի ես էներգիա տալիս ու ստանում։ Միայն դա կցանկանայի փոխել, թե չէ իմ անցած ճանապարհը, իմ վախերը, իմ խոչընդոտները, իմ ցավերը, իմ ժպիտը, իմ սիրո վայելքը, դա Աստծո կողմից տրված հրաշք է, որը ես ապրել եմ, ապրում եմ և հուսամ ՝ կապրեմ երկար»։

Եզրափակելով իր խոսքը՝ ՀՀ վաստակավոր արտիստն ասում է, թե ինչ կցանկանար մաղթել ինքն իրեն․ «Ես ուզում եմ մաղթել ոչ թե ինձ, այլ բոլորին․ մաղթում եմ լինել առողջ, բարի և այն, ինչ միշտ եմ աղոթում՝ լինենք խաղաղ երկնքի տակ և հոգիներով խաղաղ։
Ընդմիշտ Ձեր Զառա Արամյան»։
Showbiz.am-ի խմբագրությունը նույնպես միանում  է շնորհավորանքներին՝ մաղթելով ամենալավն ու բարին:

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան