6 մրցանակ Էդգար Բաղդասարյանի ֆիլմին. «Անահիտ» ազգային մրցանակաբաշխության հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերը

    544

    Ապրիլի 16–ը` Հայկական կինոյի օր. տոնը պաշտոնապես հաստատված չէ, սակայն կինոյի գործիչներն այն արդեն համարում են իրենցը, շնորհավորում միմյանց. Հանրային հեռուստաընկերությունում երեկ կինոյի տրամադրություն էր, կայացավ «Անահիտ» ազգային կինոյի երկրորդ մրցանակաբաշխությունը։

    Tert.am Life–ը բացառիկ կարգով ներկա է եղել մրցանակաբաշխությանն ու իր ընթերցողներին է ներկայացնում միջոցառման մանրամասները, մրցանակակիրներին, նրանց հույզերն ու այն, ինչ մնաց կադրից այն կողմ։

    Հեռուստաընկերության նախասրահում կազմակերպված ընդունելությանը հնչում էր կինոյի երաժշտություն` մաեստրո Երվանդ Երզնկյանի դիրիժորությամբ, կինոյի գործիչները շնորհավորում էին միմյանց օրվա առթիվ ու անհամբերությամբ սպասում պաշտոնական արարողության մեկնարկին։

    Բուն մրցանակաբաշխությունից ոմանք հեռացան տարբեր մրցանակներով, ոմանք` ձեռնունայն, բայց կուլիսներում խոսում էին մրցանակաբաշխության կարևորության մասին։ Մրցանակները հանձնում էին ոլորտի հայտնի գործիչները` յուրաքանչյուրը հատուկ կարևորում էր իր ներկայացրած անվանակարգը` որպես կինոյի կարևորագույն մաս, բոլորի խոսքերը համդրելիս հանգում էիր հայտնի խոսքին` կինոն անսամբլային աշխատանք է` կարևոր է յուրաքանչյուր դետալը։

    Լավագույններին ընտրել են կինոակադեմիայի անդամները։ Կինոակադեմիայի կազմակերպած «Անահիտ» մրցանակաբաշխությունը ներկայացնում էր 11 անվանակարգ, որից 6–ում մրցանակ ստացավ Էդգար Բաղդասարյանի «էրկեն կիշեր» ֆիլմը ։«Ես մրցանակների համար ֆիլմ չեմ նկարահանում, եթե մրցանակների համար նկարեմ, 30 անգամ ավելին կլինեն»,– Tert.am Life–ի հետ զրույցում ասաց ռեժիսորը, որն անդադար շնորհավորանքներ ու գովեստի խոսքեր էր ստանում։

    Մհեր Մկրտչյանը միջոցառմանը չէր եկել։ Թեև նրա «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» և Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմերն առաջադրված էին տարբեր անվանակարգերում, որևէ մրցանակ չստացան։ Մհեր Մկրտչյանն առաջադրված էր նաև որպես «Լավագույն ռեժիսոր», սակայն այս մրցանակը ևս բաժին հասավ Էդգար Բաղդասարյանին։

    «Լավագույն ձայնային ռեժիսոր» անվանակարգում առաջադրված էին միայն Արման Ավետիսյանն ու Տիգրան Կուզիկյանը։ Ըստ էության` պայքարի մեջ էին նրանց հնչյունավորած  3 ֆիլմերը` «Էրկեն կիշեր»–ը, «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց»–ը և «Լուդվիգ անունով  ոզնին»։ Այս դեպքում էլ որպես հնչյունավորողներ նրանք մրցանակ ստացան «Էրկեն կիշեր» ֆիլմի համար։

    Մհեր Մկրտչյանի կինը` դերասանուհի Անի Ղազարյանը ներկայացված էր որպես «Լավագույն դերասանուհի» ամուսնու երկու աշխատանքներում` «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» և «Լուդվիգ անունով ոզնին» ֆիլմերում դերակատարման համար։ Այս անվանակարգում էր ներկայացված էր  նաև Նարինե Գրիգորյանը` «Եվա» ֆիլմում իր դերակատարման համար։ Հենց նա էլ ստացավ «Լավագույն դերասանուհու» մրցանակը։

    Նարինեն ևս ներկա չէր միջոցառմանը։ Նրա մրցանակը ստացավ դերասան Դավիթ Հակոբյանը և հայտնեց, որ դերասանուհին հյուրախաղերի է, սակայն մրցանակն, անպայման, կհասնի հասցեատիրոջը։

    «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում առաջադրված էին Լեռնիկ Հարությունյանը` «Սպիտակ» ֆիլմում դերակատարման, Սամվել Թոփալյանը` «Լուդվիգ անունով  ոզնին» ֆիլմում դերակատարման և Շանթ Հովհաննիսյանը` «Եվա» ֆիլմում դերակատարման համար։ Այս դեպքում մրցանակը բաժին հասավ Լեռնիկին։

    Հրաչ Քեշիշյանի «Բրավո, վիրտուոզ» ֆիլմը ներկայացված էր 2 անվանակարգում` «Լավագույն նկարիչ» և «Լավագույն օպերատոր»։ Նախնական զրույցում Հրաչ Քեշիշյանն ասաց, որ մատները խաչած սպասելու է արդյունքներին` հուսով, որ հաջողություն կունենան։ Մրցանակի տեսքով հաջողություն, սակայն, նրանք չունեցան, ֆիլմը մրցանակ չստացավ։ Այնուամենայնիվ, Հրաչ Քեշիշյանը կարևորում է մրցանակաբաշխությունների առկայությունը։ «Կանոնավոր կինոյի մրցանակաբաշխություն չունենք, բայց կանոնավոր կինո էլ չունենք։ Մրցանակաբաշխությունը ժամանակ առ ժամանակ գոնե հիշեցնում են, որ մարդիկ աշխատում են, սա իրականում կինոյի տոն է` մեկ անգամ ևս կինոյի մարդկանց խրախուսելու ձև»,– մեզ հետ զրույցում ասաց ռեժիսորը։

    «Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգում մրցանակը հանձնեց Գարիկ Մարտիրոսյանը, որը միջոցառմանը մասնակցելու համար Հայաստանում էր։ Մրցանակը բաժին հասավ Սերժ Թանկյանին` «Սպիտակ» ֆիլմի երաժշտության համար։ Վերջինս Հայաստանում չէ, մրցանակը նրան կհասնի ավելի ուշ։

    Ֆիլմերի երաժշտության համար հատուկ մրցանակ ստացավ Տիգրան Մանսուրյանը։ Դահլիճում ներկանները մաեստրոյին ընդունեցին հոտնկայս ծափահարություններով։

    Ներկայացնում ենք բոլոր անվանակարգերն ու մրցանակակիրներին.

    «Լավագույն վավերագրական ֆիլմ» – «Քամու հետ», ռեժիսոր Արթուր Սահակյան

    «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» – «Իմ նոր տարին», ռեժիսոր Արուսյակ Սիմոնյան

    «Լավագույն ձայնային ռեժիսոր» – Արման Ավետիսյան, Տիգրան Կուզիկյան – «Էրկեն

    կիշեր»

    «Լավագույն նկարիչ» – Տիգրան Առաքելյան, Սեդրակ Վելիկոդնի – «Էրկեն կիշեր»

    «Լավագույն սցենարիստ» – Էդգար Բաղդասարյան, «էրկեն կիշեր»

    «Լավագույն օպերատոր» – Սուրեն Թադևոսյան, «էրկեն կիշեր»

    «Լավագույն կոմպոզիտոր» – Սերժ Թանկյան, «Սպիտակ»

    «Լավագույն կին դերակատար» – Նարինե Գրիգորյան, «Եվա»

    «Լավագույն տղամարդ դերակատար» – Լեռնիկ Հարությունյան, Սպիտակ

    «Լավագույն ռեժիսոր» – էդգար Բաղդասարյան, «Էրկեն կիշեր»

    «Լավագույն խաղարկային ֆիլմ» – «էրկեն կիշեր»

    Հեղինակ Ամալյա Հովհաննիսյան
    Աղբյուրը՝ Life.tert.am
    Facebook Comments