Ռոբի Ուիլյամսը պատմել է, որ 2010-ին Հաիթի կատարած ուղևորության ժամանակ իրեն ու կնոջը սպառնացել են գլխատել

Հայտնի բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլյամսը պատմել է, որ 2010-ին Հաիթիում ավերիչ երկրաշարժից հետո այդ երկիր կատարած ուղևորության ժամանակ իրեն ու կնոջը սպառնացել են գլխատել, գրում է Daily Mail-ը։

46-ամյա երգիչը պատմել է, որ ինքն ու կինը՝ 41-ամյա Այդա Ֆիլդը, Հաիթի կատարած քառօրյա ուղևորության ժամանակ առիթ են ունեցել մտահոգվել իրենց անվտանգության և կյանքի համար։

«Սպառնացին կտրել գլուխներս, իսկ մենք այնտեղ էինք գնացել օգնելու նպատակով»,- Edge փոդքասթի եթերում ասել է երգիչը։

«Հետհայացք գցելով՝ հասկանում եմ, որ սարսափելի էր»,- հավելել է նա։

2010 թվականին ամուսինները ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ մեկնել էին Հաիթի՝ 250 հազար մարդու կյանք խլած ավերիչ երկրաշարժի ժամանակ իրենց տները կորցրած մարդկանց օգնություն ցուցաբերելու։

Երգիչը հավելել է, որ աղետից տուժած երեխաներին տեսնելով՝ նրա մոտ հայր դառնալու ցանկություն է առաջացել։

46-ամյա երգիչը և նրա 41-ամյա կինը չորս երեխա ունեն։