Արքայազն Հարրիի և Մեգանի թագավորական հարսանիքը 1,2 միլիարդ դոլարի եկամուտ է բերել Մեծ Բրիտանիային

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի իրավաբանական թիմը պնդում է, որ արքայազն Հարրիի հետ Սասեքսի դքսուհու ամուսնության կապակցությամբ երկիր մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելել՝ Մեծ Բրիտանիային բերելով ավելի քան 1,2 միլիարդ դոլարի եկամուտ, գրում է Daily Mail-ը։

Աղբյուրը գրում է, որ իրավաբանական թիմը նման հայտարարությամբ հանդես է եկել 38-ամյա Մարքլի՝ The Mail on Sunday-ի դեմ դատական գործի շրջանակներում:

Թերթի հրապարակումներում ասվում է, որ ըստ հաշվարկների՝ 40 մլն դոլար արժեցած հարսանեկան արարողության գրեթե 38 մլն դոլարը վճարել են բրիտանացի հարկատուները․ ընդ որում՝ գումարի մեծ մասը ծախսվել է անվտանգության, եկեղեցական ծառայությունների և ծաղիկների վրա։

Մինչդեռ Սասեքսի դքսուհու փաստաբանները պնդում են, որ պսակադրությունը «փաստացի չի ֆինանսավորվել պետության կողմից, այլ անձամբ ֆինանսավորվել է Ուելսի արքայազն՝ Նորին Մեծություն Չարլզի կողմից»։

Իրավաբանական թիմը նաև հայտարարել է, որ թագավորական ամուսնության ժամանակ երկիր մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելել՝ Մեծ Բրիտանիային բերելով ավելի քան 1,2 միլիարդ դոլարի եկամուտ, ինչը հակադրում է Brand Finance ընկերության ավելի վաղ կատարած հաշվարկները, որի համաձայն՝ Միացյալ Թագավորության զբոսաշրջությունը թագավորական հարսանիքի շնորհիվ 375 մլն դոլար է ձեռք բերել։

Հիշեցնենք, որ Մեգան Մարքլը բրիտանական տաբլոիդի դեմ դատական հայց էր ներկայացրել իր հոր՝ Թոմաս Մարքլի հետ անձնական նամակի բովանդակությունը հրապարակելու համար։