«Այն ինձ հիանալի կարիերա ունենալու հնարավորություն է տվել, բայց․․․»․ Փիրս Բրոսնանը՝ Ջեյմս Բոնդի դերի մասին

Իռլանդացի հանրահայտ դերասան Փիրս Բրոսնանը, որը Ջեյմս Բոնդի դերում հանդես է եկել 1995-ից 2002 թվականներին, The Guardian պարբերականի հետ զրույցում հայտնել է, որ չի ափսոսում Ջեյմս Բոնդի դերն «անցյալում թողնելու համար»։

67-ամյա դերասանը պնդել է, որ լեգենդար գործակալի դերը նրան «հիանալի կարիերա ունենալու» հնարավորություն է ընձեռել։

«Ես թույլ չեմ տալիս, որ ափսոսանքի զգացողությունը ներխուժի իմ կյանք։ Այն հանգեցնում է ավելի մեծ դժբախտության»,- ասել է դերասանը։

«Բոնդը պարգև է, որն ինձ հիանալի կարիերա ունենալու հնարավորություն ընձեռեց։ Հերիք է մի անգամ հանդես գաս Բոնդի դերում, և այն միշտ քեզ հետ կլինի»,- ասել է նա։

Ավելի վաղ The Hollywood Reporter-ի հետ զրույցում դերասանը հայտնել էր, որ կցանկանար Ջեյմս Բոնդի դերում կին դերասանուհի տեսնել։

«Արդեն 40 տարի է, ինչ հետևում ենք Ջեյմս Բոնդի տդամարդկանց կերտած կերպարներին, բավ է, տղամարդի՛կ, ժամանակն է ձեր տեղը զիջեք կանանց։ Կարծում եմ՝ բավականին հետաքրքիր կստացվի»,- ասել էր դերասանը։

67-ամյա դերասանի կարծիքով՝ Բոնդի մասին պատմող ֆիլմերի դերակատարները պետք է փոխվեն #MeToo շարժմանը (սեռական ոտնձգությունների և սեռական բռնության դեմ շարժում) զուգընթաց։