«Ամենից բարդը կնոջս հրաժեշտ տալն է»․ հրապարակվել է կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի՝ մահից առաջ գրած հրաժեշտի նամակը

Իտալացի աշխարհահռչակ կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն մահվանից առաջ թողել է իր մտերիմներին և ընկերներին ուղղված հրաժեշտի նամակ, որը լրատվամիջոցների ներկայությամբ հրապարակել է նրա ընկեր և փաստաբան Ջորջո Ասուման, գրում է gordonua.com կայքը։

Ասումայի խոսքով՝ կոմպոզիտորի ընտանիքի անդամներն այս տպագիր ուղերձը նրա մահից հետո են գտել։
Նամակը սկսվում է «Ես՝ Էնիո Մորիկոնես, մահացած եմ» արտահայտությամբ: Նամակում կոմպոզիտորը հիշատակում է բոլոր մտերիմ ընկերներին, հարազատներին և երեխաներին։

«Բոլոր իմ ընկերներին, որոնք միշտ կողքիս են եղել և նրանց, ովքեր հեռու են, հրաժեշտի ողջույն եմ փոխանցում»,- գրել է Մորիկոնեն՝ խնդրելով մարդկանց անհարմարություն չպատճառելու համար իր թաղումն առանց ավելորդ ցուցադրական շքեղության կազմակերպել։

«Ամենից բարդը կնոջս հրաժեշտ տալն է»,- խոստովանել է Մորիկոնեն։

Հայտնի է, որ Մարիա Թրավիայի հետ Մորիկոնեն 64 տարվա ամուսնական կյանք է կիսել՝ այդ ընթացքում ունենալով 4 երեխա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նախօրեին Իտալիայում 91 տարեկանում կյանքից հեռացել է հանրահայտ կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն։

Նշվում է, որ օրեր առաջ նա կոտրել էր ազդրը. կոտրվածքից առաջացած բարդացումների հետևանքով Մորիկոնեն մահացել է երկուշաբթի գիշերը՝ Հռոմի կլինիկաներից մեկում։

Մահվան վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չեն ներկայացվում։