«Մելանյան և ես». ԱՄՆ առաջին տիկնոջ նախկին խորհրդականը բացառիկ պատմություններով գիրք կներկայացնի

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի նախկին ավագ օգնականը «բացառիկ» հուշեր պարունակող գիրք է գրել՝ մանրամասներ ներկայացնելով առաջին տիկնոջ հետ 15 տարվա ընկերության վերաբերյալ, հայտնում է The Guardian պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ Սթեֆանի Ուինսթոն Ուոլքոֆը 2016 թվականին նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո նշանակվել է առաջին տիկնոջ խորհրդական և մեծ օգնություն է ցուցաբերել նրան ինչպես Նյու Յորքից Սպիտակ տուն տեղափոխվելիս, այնպես էլ քաղաքական պորտֆոլիոյի ձևավորման հարցում:

Հայտնի է, որ գիրքը կոչվելու է «Մելանիան և ես»։ Դրանում հիմնականում պատմվում է Ուոլքոֆի՝ «Սպիտակ տունը և դրա Արևելյան թևը» ղեկավարելու տարիների մասին։ Նշենք, որ Արևելյան թևում առաջին տիկնոջ գրասենյակն է գտնվում, Արևմտյանում՝ Դոնալդ Թրամփինը։ Գրքում հատվածներ կան Նյու Յորքում սկսված իրենց ընկերությունից մինչև առաջին տիկնոջ վստահված խորհրդատուի պաշտոնում նշանակումը, Վաշինգտոնի կյանքը և այլն։

2018 թվականին Ուոլքոֆը հեռացվել է պաշտոնից այն լուրերից հետո, թե իրեն պատկանող ընկերությունը 26 միլիոն դոլար է ստացել 2017 թվականին Թրամփի երդմնակալության արարողությունը կազմակերպելու համար։ Այդ ժամանակ Ուինսթոնը նշել էր, որ իր ընկերությունը «ընդհանուր 1․62 միլիոն դոլար է ստացել», որն էլ բաժանվել է անձնակազմի անդամների միջև։