«Փորձելու ենք արդարացնել երկրպագուների սպասելիքները». «Ընկերները» սերիալի աստղը չափազանց ոգևորված է նոր նախագծի կապակցությամբ

Ամերիկյան «Ընկերները» սերիալից հայտնի դերասան Դևիդ Շվիմերը E! News-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ չափազանց ոգևորված է սերիալի կազմի վերամիավորման և նոր նախագծի կապակցությամբ։ Ռոս Գելլարի դերակատարը երկրպագուներին հավաստիացրել է, որ փորձելու են արդարացնել նոր նախագծի հետ կապված սպասելիքները։

«Ճիշտն ասած՝ ամենաշատը ոգևորված եմ մյուս հինգ դերասանների հետ նույն սենյակում աշխատելու կապակցությամբ»,- ասել է Շվիմերն իր նախկին գործընկերներ՝ Ջենիֆեր Էնիսթոնի, Քորթնի Կոքսի, Լիզա Կուդրոուի, Մեթ Լեբլանի և Մեթյու Փերիի հետ նոր նախագծի շրջանակներում վերամիավորվելու կապակցությամբ։

Դերասանի խոսքով՝ ակամայից կարոտի զգացում է ունեցել Warner Bros. կինոընկերության նկարահանման հրապարակ վերադանալու մտքից։
«10 տարի շարունակ նույն նկարահանման հրապարակում աշխատելուց հետո այնտեղ վերադառնալն ինձ համար նշանակալի փորձ կլինի»,- ակնհայտ հուզմունքով խոստովանել է 53-ամյա դերասանը։

Փետրվարի 22-ին հաղորդվել էր «Ընկերները» սերիալի կազմի վերամիավորման մասին՝ HBO Max-ի նոր նախագծում նկարահանվելու համար: Սերիալի շարունակության ռեժիսորն ու պրոդյուսերը կլինի Բեն Ուինսթոնը, որը կհամագործակցի օրիգինալ հեռուստաշոուի պրոդյուսերների հետ: Variety-ի աղբյուրի տվյալներով՝ բոլոր վեց հիմնական դերասաններն առնվազն 2,5-ական մլն դոլար կստանան նախագծին մասնակցելու համար:

Կորոնավրուսի համավարակի պատճառով նոր նախագծի նկարահանումները հետաձգվել էին, սակայն դրանք կվերսկսվեն արդեն հաջորդ ամիս։
Մանհեթենից վեց երիտասարդ ընկերների մասին պատմող հեռուստասերիալը ցուցադրվել է ավելի քան 54 երկրում։ NBC հեռուստաընկերության կողմից սերիալը հեռարձակվել է 1994 թվականի սեպտեմբերից մինչև 2004 թվականի մայիս: Ընդհանուր առմամբ, նկարահանվել է 236 սերիա։