«Այս պահին ունենք չորս նոր ներկայացում»․ Ելենա Վարդանյանը՝ թատրոնի նորությունների և ընտանեկան կարանտինի մասին

Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանը կարանտինային դադարից հետո արդեն հասցրել է վերադառնալ թատրոն՝ ներկայացումների փորձերին։

ShowBiz.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմեց թատրոնի նոր ներկայացումներից, իր չեղարկված պլաններից, անդրադարձավ իր ընտանեկան առօրյային, ամառվա պլաններին, ինչպես նաև իր մասնագիտությանն ու նախընտրած դերերին։

«Գիտեք՝ կապ չունի կարանտին է, թե՝ ոչ, ես միևնույն է կարիք չունեմ ինչ-որ հատուկ բաներ մտածել, որպեսզի օրս հետաքրքիր կամ ուրախ անցնի, քանի որ ունեմ փոքրիկ երեխա, ով ընդամենը երկուսուկես տարեկան է, և նա ամեն օր այնպիսի զարմանալի ու կախարդական բաներ է անում, որ ես երբեք հետաքրքրությունս չեմ կորցնում ո՛չ կյանքի, ո՛չ էլ մեկ այլ բանի նկատմամբ։ Մենք մշտապես ուրախ և երջանիկ ժամանակ ենք անցկացնում, իհարկե, ինչքանով որ հնարավոր է այս պայմաններում»,- պատմում է Ելենան։

Թատրոնում նոր ներկայացումներ կային, որոնք կարանտինի պատճառով չեղարկվեցին կամ հետաձգվեցին, և, ըստ դերասանուհու, մինչև աշխարում տիրող այս իրավիճակը չկարգավորվի, հնարավոր չի լինի դրանք վերականգնելը․ «Մենք մի քանի ներկայացում ունեինք պլանավորած, որոնք հետաձգվեցին և որոնցից մեկի համար ես առանձնահատուկ կերպով ափսոսում եմ, այնտեղ ես պետք է համագործակցեի իմ պաշտելի և ուղղակի հիանալի դերասան Նարեկ Դուրյանի հետ։  Եվ ահա, այդ ներկայացումը անժամկետ հետաձգվել է, բայց ինձ թվում է՝ շուտով ամեն բան կկարգավորվի, և մենք կվերադառնանք այդ ներկայացման փորձերին»։

Սակայն թատրոնն ու դերասաններն իրենց տեղում կանգնած չեն մնում։ Հետևելով սահմանված կանոններին՝ թատրոնը շարունակում է աշխատել նոր ներկայացումների վրա․ «Մենք այժմ նոր ներկայացումներ ունենք, որոնց փորձերը շարունակվում են անգամ կարանտինային իրավիճակի պայմաններում։ Ուրեմն՝ այս պահին ունենք չորս ներկայացում, որոնցից մեկի մասին դեռևս չեմ կարող խոսել։ Մի ներկայացման շրջանակներում համագործակցում ենք տաղանդավոր  ռեժիսոր Գոռ Մարգարյանի հետ, ով բեմադրում է «Գարդենիա» ներկայացումը։ Եվ այնտեղ ես չափազանց հիանալի դեր ունեմ, որից ես ուղղակի ոգեշնչվում եմ․ ներկայացման բեմադրումն այժմ գործընթացի մեջ է։ Մենք պարբերաբար փորձեր ենք անում՝ բնականաբար հետևելով բոլոր ցուցումներին ու կանոններին, որոնք պարտադիր են համավարակի պայմաններում։ Մի պահ մենք այս ամբողջ գործընթացը կանգնեցրել էինք, բայց այժմ վերադարձել ենք մեր սիրելի աշխատանքին»։

Իսկ միակ բանը, որին դերասանուհին հասցրել է կարոտել կարանտինի ընթացքում, դա նորմալ զբոսանքն է մաքուր օդին՝ առանց դիմակի։ «Այսպիսի պահերին դու հասկանում ես, թե ինչից ես զրկվել, քանի որ այն ժամանակ մենք ուղղակի զբոսնում էինք ու չէինք նկատում այն մանրուքները, որոնք այսօր շատ թանկ են դարձել մեզ համար։ Կարոտում եմ ազատությանը, այն զգացողությանը, երբ փողոց դուրս գալիս դու վախեր չունեիր»,- անկեղծանում է Ելենա Վարդանյանը։

Կարանտինը ինչպես բոլորին, այնպես էլ Ելենային բավականաչափ ազատ ժամանակ է տվել այն ընտանիքի ու մտերիմների հետ անցկացնելու համար․ «Չեմ կարող ասել, որ գլոբալ առումով կարանտինն ինձ ինչ-որ բան է տվել։ Բնական է՝ մենք այժմ հարմարվում ենք նոր պայմաններին, ավելի ճկուն ենք դառնում, բայց առանձնահատուկ որևէ բան այն ինձ չի տվել։ Երևի թե՝ մի փոքր ավելի ազատ ժամանակ ենք ունեցել, քանի որ մեր մասնագիտության պարագայում մենք մեզ չէինք կարող թույլ տալ այսքան ժամանակ տանը գտնվել, ավելի շատ ժամանակ ունենք մեր ընտանիքներին հատկացնելու համար։ Ես օպտիմիստ եմ և անգամ այս պարագայում եմ շատ մեծ պլյուս տեսնում»։

Այս ժամանակահատվածը նաև հիանալի առիթ էր կիսատ մնացած գործերը ավարտելու, ինչպես նաև նորերին ձեռնամուխ լինելու համար։ «Տանը գտնվելով՝ ես ինչ-որ յուրահատուկ տաղանդներ կամ հմտություններ չեմ բացահայտել իմ մեջ, բայցձեռք եմ բերել վազքուղի և ջանասիրաբար զբաղվում եմ սպորտով։ Եվ ահա, ևս մեկ պլյուս այս իրավիճակից, որ կարողանում ենք ժամանակ տրամադրել և զբաղվել սպորտով։ Իսկ առհասարակ գեղեցիկ ու խնամված տեսք ունենալու համար հարկավոր է առաջին հերթին հետևել առողջությանը, ապա նոր արտաքինին։ Եթե առողջության հետ ամեն բան կարգին է, ապա կարծում եմ, որ արտաքինն էլ դրան համապատասխան կլինի»,- կիսվում է Ելենան։

Ամառն ընդունված է համարել հանգստի շրջան, բայց դերասանուհին պնդում է, որ առանց կարանտինի էլ ինքը ժամանակ չէր ունենա որևէ տեղ մեկնել՝ հանգստանալու նպատակով․ «Այնպես որ որևէ բան նախապես չէինք պլանավորել։  Մենք աշխատում ենք գոնե ժամանակ առ ժամանակ գնալ քաղաքից դուրս՝ ամառանոց, և այնտեղ հետաքրքիր ու հիանալի ժամանց կազմակերպել»։

Իր նախընտրած դերերի մասին խոսելիս Ելենան նշեց․ «Երբ ինձ ինչ-որ դեր են առաջարկում, այն ընդունելու համար, բնականաբար, առաջին հերթին պետք է դերն ինձ հետաքրքրի։ Եթե ինձ հերոսուհին հետաքրքիր է, եթե ես նրան սիրել եմ, ապա առաջարկը անպայման կընդունեմ, ու կապ չունի՝ դերը մեծ է, թե՝ փոքր, ինձ համար կարևորն այն է, որ ինձ դուր գա այն, ինչը ես անելու եմ»։

Իսկ ընտրած մասնագիտության հարցում դերասանուհին երբեք չի փոշմանել, ու, կարծում է, որ այն արդեն մասնագիտություն չէ իր համար, այլ՝ ապրելակերպ՝ հաշվի առնելով, որ արդեն տասներկու տարուց ավելի է, ինչ այս ոլորտում է․«Երբեք չեմ մտածել այլ մասնագիտության մասին, առավել ևս այն փոխելու, իհարկե, երեխա ժամանակ ինչ-որ անցողիկ ցանկություններ եղել են, բայց ես արտիստուհի եմ ու երջանիկ եմ իմ մասնագիտությամբ»։

Հեղինակ՝ Լուս Ավագյան