«Դա այն դերը չէր, որը ես պետք է խաղայի»․ Ժաննա Վելիցյանը՝ «Սիրուն Սոնայի», նոր գեղարվեստական ֆիլմի ու ներկայացումների մասին և ոչ միայն

Չնայած նրան, որ «Սիրուն Սոնա» հեռուստասերիալը նոր է մոտեցել իր ավարտին՝ դերասանուհի Ժաննա Վելիցյանը զուր ժամանակ չի վատնել և արդեն ունի զբաղվածություն մի քանի նոր նախագծում։ Դերասանուհին նորություններ ունի ոչ միայն թատրոնի հետ կապված, այլ նաև ներգրավված է նոր գեղարվեստական ֆիլմում։

ShowBiz.am-ի հետ զրույցում Ժաննան պատմեց մանրամասներ նոր նախագծերից, խոսեց տանն անցկացրած ժամանակից, ամառվա պլաններից և գեղեցիկ ու խնամված տեսք ունենալու իր միջոցներից, ինչպես նաև անդրադարձավ «Սիրուն Սոնա» հեռուստասերիալին։

««Սիրուն Սոնա» հեռուստասերիալի նկարահանումներն ավարտվել են հունիսի սկզբին, և այդ ժամանակ մենք արդեն բավականաչափ դուրս էինք եկել խիստ սահմանափակումների ռեժիմից։ Ու, այսպես ասած, արդեն հասցրել էինք ընկնել հունի մեջ․այնպես որ թատրոնում ունենք երկու նոր աշխատանք, որոնց պրեմիերաները շուտով կլինեն ֆիլմի տեսքով։ Այս ընթացքում ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստացա, որի նկարահանումները սկսեցինք հունիսի վերջ, բայց մինչ այդ նախապատրաստական աշխատանքների մեջ ենք եղել։ Այսինքն՝ սերիալի նկարահանումներից հետո ես պարապ չեմ մնացել և բավականին բուռն գործունեություն եմ ծավալել։ Շարունակում եմ ապրել նույն ռիթմով, ինչ մինչ կարանտինը»,- կիսվում է դերասանուհին, ապա պատմում, թե ինչով է զբաղվել այն ժամանակ, երբ սահմանափակումները խիստ են եղել և տանից բացակայելը բացարձակապես ցանկալի չէր․

«Իսկ այն ժամանակառաջին բանը, որն արել եմ, հանգստանալն է։ Որովհետև անընդհատ լինելով ակտիվ ռիթմի մեջ, լինելով մշտապես զբաղված ու վազքի մեջ՝մոռացել էինք հանգստանալու մասին։ Հիմա կարող է ծեծված բաներ եմ ասում, բայց բավականաչափ ժամանակ եմ հատկացրել ընթերցանությանը, նաև ֆիլմեր եմ դիտել։ Ես ինձ համար պլան էի մշակել, որ սկսեմ սովորել ձախ ձեռքով գրել, քանի որ այն իրականում շատ օգտակար է, ու օրվա մի մասը ես պարտադիր հատկացնում էի դրան։ Շատ ժամանակ էի անցկացնում ընտանիքիս հետ, խոհանոցում էի լինում, պատրաստում էի)))»,- անկեղծանում է Ժաննան։

Դե, իհարկե, ի՞նչ կարանտին առանց հետաձգված պլանների։ «Հետաձգված պլանները, որոնք կապված էին աշխատանքի հետ մի քանիսն էին․ առաջինը Մհեր Մկրտչյանի նոր գեղարվեստական ֆիլմն էր, որի նկարահանումները հետաձգվեցին երկու-երեք ամիս և միայն մայիս ամսից մենք սկսեցինք նախապատրաստական աշխատանքները։ Թատրոնում նոր ներկայացման պրեմիերա պետք է կայանար ապրիլին, որը, ցավոք, անժամկետ հետաձգվեց։ Ու էլի շատուշատ մեծ ու փոքր գործեր, որոնք չեղարկվեցին կամ անորոշ ժամանակով հետաձգվեցին»,- պատմում է դերասանուհին։

Իսկ իրավիճակի ավարտից հետո Ժաննան ամենաշատը ցանկանում է որոշ ժամանակով դուրս գալ երկրից ու գնալ ծով հանգստանալու․«Ինձ թվում է՝ բոլորս էլ կարիք ունենք այդ բացասական էներգիայից ձերբազատվելու, որքան էլ որ չխոստովանենք, բայց հաստատ այս իրավիճակն իր վատ հետքն է թողել մեզ վրա»։

Այս ընթացքում, երբ սահմանափակումները մեղմացվեցին, շատերս հնարավորություն ունեցանք դուրս գալու, շփվելու մտերիմների հետ, այնպես որ միակ բանը, որն, ըստ դերասանուհու, մնացել է անկատար, բեմ վերադառնալն է։

Կարանտինը չէր կարող չունենալ նաև իր հոգեբանական ազդեցությունը, այն շատերիս ստիպեց վերանայել ու վերաարժեքավորել մեր կյանքը․ «Այս ընթացքում սկսեցի ավելի շատ գնահատել ժամանակը, այն մարդկանց, ովքեր չափազանց կարևոր ու թանկ են ինձ համար։Նաև հասկացա կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ համոզվեցի, որ ես շատ աշխատասեր եմ իմ տեսակով ու երբեք տեղս նստած չեմ մնում, այնպես որ փորձել եմ այդ ժամանակն էլ խելամիտ օգտագործել»։

Ըստ Ժաննայի՝ կնոջը տան պայմաններում գեղեցիկ և խնամված տեսք ունենալու համար առաջին հերթին անհրաժեշտ է ցանկություն։ «Իսկ երբ դու ունես ցանկություն, մնացած ամեն բան հաստատ կստացվի քեզ մոտ։ Միանշանակ զբաղվել եմ և՛ դեմքի խնամքով, և՛ մարմնի խնամքով, նաև մարզվել եմ տանը։ Փորձել եմ մաքսիմալ օգտակար ծախսել ժամանակս»,- կիսվում է երիտասարդ դերասանուհին։

Հանգիստ, արև, ավազ և ծով․ շատերս այսպես ենք պատկերացնում ամառը, բայց, ինչ արած, այս տարի դժվար թե կարողանանք մեր երազանքների հանգիստը կազմակերպել։ «Արտերկիր մեկնելու ցանկություն միշտ կա՝ հատկապես ամռանը, քանի որ ես այդպես կարողանում եմ լիարժեք հանգստանալ։ Իրականում չէի պլանավորել ոչ մի տեղ գնալ, բայց դա այնքան հարաբերական է, կարող է ինչ-որ մի պահի ուղղակի ցանկություն առաջանա, և դու որոշես մեկնել հանգստի։ Իսկ Հայաստանում միակ տեղը, որ կուզեի գնալ ու հանգստանալ, գյուղի մեր տունն է։ Կուզեի գնալ ու այնտեղ մի քանի օր միայնակ անցկացնել»,- անկեղծանում է Ժաննան։

Զրույցի վերջում նաև անդրադարձանք «Սիրուն Սոնա» հեռուստասերիալին և դրա հետ կապված հետաքրքիր բացահայտումներին, որոնք կապված էին գլխավոր հերոսուհո փոփոխության և այլ դեր առաջարկելու հետ․ «Մենք ի սկզբանե, երբ խոսում էինք Ելենայի հետ, նա ինձ ասաց, որ լինում են դեպքեր, երբ նույնիսկ վերջին պահին դերասաններ են փոփոխվում։ Այսինքն՝ նա ինձ պատրաստել էր նման բանի, բայց, իհարկե,  ոչ-ոք չգիտեր, որ այդպես կստացվեր։ Բայց ես բացարձակ չեմ նեղվել ու կարծում եմ, որ առհասարակ շատ ճիշտ որոշում է նա կայացրել, որովհետև դա այն դերը չէր, որը ես պետք է խաղայի, այսպես ասած, այդ դերը ինձ համար չէր։ Իսկ ինչ վերաբերվում է մյուս դերի առաջարկը ընդունելուն կամ չընդունելուն, ապա ես այն չընդունելու պատճառ բնավ չէի տեսնում»։

Հեղինակ՝ Լուս Ավագյան