Բրազիլիայում հանցագործն ուղիղ եթերում դանակով սպառնացել է CNN-ի լրագրողին՝ պահանջելով իրեն հանձնել արժեքավոր իրերը (լուսանկարներ)

CNN հեռուստաալիքի բրազիլական ծառայության լրագրող Բրունա Մասեդոն Սան Պաուլոյի Բանդեյրաս կամրջից ուղիղ ռեպորտաժ է վարել ջրի մակարդակի բարձրացման մասին, երբ նրան է մոտեցել մի տղամարդ և, դանակով սպառնալով, պահանջել վերջինիս ունեցած արժեքավոր իրերը, գրում է Daily Mail-ը։

Համացանցում հայտնված լուսանկարներում երևում է՝ ինչպես է գլխարկով տղամարդը մոտենում ուղիղ եթերի ռեժիմով աշխատող նկարահանող խմբին։

Կադրերում երևում է, որ սկզբում հաղորդավարուհին չհասկանալով՝ ինչ է կատարվում, փորձել է ողջունել իրեն մոտեցած տղամարդուն, սակայն վախեցած ընկրկել է, երբ տղամարդը դանակով սպառնացել է՝ պահանջելով վերջինիս արժեքավոր իրերը: Դրան ի պատասխան Մասեդոն կողոպտիչին տվել է իր երկու հեռախոսներից մեկը։

Այնուհետև տեսախցիկը թեքվել է փողոցի կողմը։ Լրագրողուհին չի տուժել։ Հանցագործի մասին տեղեկություն չկա։ Հայտնի չէ նաև՝ արդյոք նա ձերբակալվել է, թե՝ ոչ։