«Միշտ հնարավոր է անել ավելին»․ Արծրուն Չոբանյանը՝ դստեր ու կնոջ հետ ուրախ առօրյայի, ներկայացումների ու աշխատանքային սկզբունքի մասին

Թատրոնի և կինոյի դերասան Արծրուն Չոբանյանն այն հայտնիներից է, որոնք այնքան էլ չեն սիրում հանրայնացնել ընտանեկան կյանքը։ Բայց Showbiz.am-ի հետ զրույցի ընթացքում սիրված դերասանը խոսել է կնոջ ու դստեր մասին, պատմել հետաքրքիր ընտանեկան առօրյայի, սպասվող ներկայացումների, աշխատանքային սկզբունքի ու այլ թեմաների մասին, ինչպես նաև մեզ տրամադրել գեղեցիկ ընտանեկան լուսանկարներ։

Խոսելով իր կարանտինային առօրյայի մասին, դերասանը նշում է․ «Վերջապես վայելել ենք իրական ընտանեկան առօրյան։ Քանի որ երկուսս էլ աշխատում ենք, հաճախ չի ստացվում տանն իրար «բռնացնել»։ Իսկ կարանտինի շնորհիվ հաջողվեց երկար ու հետաքրքիր ժամանակ անցկացնել, ֆիլմի դիտումներից մինչև «Морской бой» խաղալ ու իմիջայլոց հասկացա, որ կինս լավ էլ ծովահեն կարող է լինել (հեղ․ ծիծաղում է)»։

Արծուն Չոբանյանի կնոջ անունը Լուսինե է։ Հարցին, թե ինչպես որոշեց տանն արդեն մեկ լուսավոր անունով գեղեցկուհի ունենալով, փոքրիկին Լուսէ կոչել, դերասանը պատասխանում է․ «Շատ վաղուց էի որոշել, որ աղջկաս անունը Լուսէ պետք է լինի, նեղ անձնական է անվան նշանակությունը։ Պարզապես կասեմ, որ գեղեցիկ և իմաստով անուն է ու ի դեպ, նրան շատ համապատասխան»։

Գաղտնիք չէ, որ հայրիկները դուստրերին այլ` շատ ուժգին ու հոգատար սիրով են վերաբերում: Պատմելով իր ու դտեր՝ փոքրիկ Լուսէի հարաբերությունների մասին, դերասանն անկեղծանում է․ «Մենք ընկերներ ենք, ինձ համար մեծագույն հաճույք է կնոջս հետ միասին զբաղվել երեխայի առօրյայով ու հետևել՝ ինչպես է նա օր օրի մեծանում ու ինչ-որ նոր բաներ անում»։

Թատրոններն ու ֆիլմարտադրությունը շատ տուժեցին ստեղծված իրավիճակի պատճառով, Արծրունը պատասխանելով հարցին, թե իր աշխատանքում ինչ ծրագրեր չեղարկվեցին և երբ կարող ենք սպասել նորությունների, նշում է․ «Քանի որ հիմա հիմնական զբաղվածությունս թատրոնն է, չեղարկվեցին պրեմիերաները։ Իհարկե նոր ներկայացումներ կլինեն, երբ վերադառնանք կյանքի բնականոն հունին և երբ հնարավոր լինի այցելել թատրոններ»։

Դերասանը շատ է կարոտել ընկերական ջերմ հավաքույթներն ու արտակարգ դրության ավարտից և վարակի նահանջից հետո պատրաստվում է լրացնել այդ բացը․ «Առաջին քայլս կլինի մեծ հավաքույթ կազմակերպելը՝ խորովածով, օղիով, մի խոսքով՝ կերուխում»։

Արծրունն իր աշխատանքում բավականին ինքնաքննադատ ու սկզբունքային է․ «Միշտ դժգոհ եմ ինձանից, որովհետև միշտ հնարավոր է անել ավելին»,- ասում է նա։

Հարցին, թե ինչ մասնագիտություն կընտրեր, եթե չդառնար դերասան, նա պատասխանում է․ «Կընտրեի մասնագիտություն, որը կապ կունենար կենդանիների հետ՝ նրանց պաշտպանելու ու բնությանն ավելի մոտ լինելու համար»։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան