«Ավելի շատ սիրում եմ նվերներ ստանալ, քան ինքս նվիրել»․ դերասանուհի Սաթեն Ղազարյանը՝ ծննդյան օրվա, նվերների և սպասելիքների մասին

Դերասանուհի Սաթեն Ղազարյանը, ով այժմ նկարահանվում է «Խաբկանք» հեռուստասերիալում, այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը։
ShowBiz.am-ը զրուցել է դերասանուհու հետ՝ պարզելու օրվա պլաններն ու տրամադրությունը։ Սաթենը մեզ հետ նաև կիսվել է իր երազանքներով, սիրված և ոչ այնքան նվերներով, ինչպես նաև ապագայի սպասելիքներով։

Այն հարցին, թե դերասանուհին այսօր քանի՞ տարեկան դարձավ, Սաթենը ծիծաղելով հետաքրքրվեց՝ արդյո՞ք պարտադիր է տարիքը նշել, իսկ դե մենք էլ չստիպեցինք, իրոք, ի՞նչ պարտադիր է, եթե դերասանուհին տարեցտարի միայն ավելի գեղեցկանում և երիտասարդանում է։

Ինչպես օրվա սկիզբն, այնպես էլ դրա ընթացքն ու վերջաբանը Սաթենը նախապես չի պլանավորել, բայց վստահ է՝ դեռևս շատ անակնկալներ կլինեն։ «Ուրեմն կարանտինային իրավիճակով պայմանավորված ոչինչ չէի նախատեսել օրվա հետ կապված։ Նախևառաջ չէի ցանկանում որևէ մեկին նեղություն տալ, բացի այդ էլ շատ եմ վախենում վիրուսից, իսկ զգուշավորությունն ամենակարևոր պայմանն է։ Բայց երեկ «Խաբկանք» հեռուստասերիալի մեր անձնակազմով հավաքվեցինք ու շատ հետաքրքիր օր ունեցանք, մեր ռեժիսորը՝ Վարշամը, շատ սիրուն շրջայց էր կազմակերպել Մաթոսավանք, այնպես որ ուրախացանք, լավ ժամանակ անցկացրինք ու ծնունդս միասին դիմավորեցինք։ Ու ես դեռ չգիտեմ, թե օրվա ընթացքում ինչեր են ինձ սպասվելու, որովհետև իմ ընկերները չափազանց արկածային ու հետաքրքիր են և անընդհատ փորձում են ինձ անակնկալներ մատուցել։ Բայց ես կոնկրետ որևէ բան չեմ պլանավորել, ամբողջ օրս կկայանա իրենց իմպրովիզների շնորհիվ»,- կիսվում է դերասանուհին։

Իսկ երազանքներ պահելու փոխարեն կարելի է պարզապես շնորհակալ լինել, ինչը Սաթենը շատ ավելի է գերադասում․ «Իմ գիտակցական կյանքում, այսինքն՝ որքանով, որ հիշում եմ իմ ծնունդներն ու կոնկրետ մոմերը փչելու գործընթացը, ես երբեք երազանքներ չեմ պահել։ Պարզապես շնորհակալություն եմ հայտնում ինքս ինձ ու իմ շրջապատին, և վերջ»։

Ըստ Սաթենի՝ ինքը տարիների ընթացքում միայն հասկացել է, որ ժամանակն իսկապես անզոր է, և որ նա բացարձակապես չի փոխվել։ «Ես, կարելի է ասել, միայն կորեկցիայի եմ ենթարկվում, այսինքն՝ իմ տեսակն ավելի վառ է արտահայտվում։ Թե չէ, հաստատ, ինչ-որ լուրջ փոփոխություններ չեն կատարվել ինձ հետ, ես էլի նույն մարդն եմ, ծնվել եմ այսպիսին ու, ինձ թվում է՝ մինչև վերջ էլ այս եմ լինելու։ Պարզապես տարիներն ինձ հղկում եմ, ու այն բնավորության գծերը, որոնք արդեն վաղուց ունեի, ավելի ամրապնդվում և վառ են արտահայտվում»,- անկեղծանում է Սաթեն Ղազարյանը։

Իսկ դե էլ ի՞նչ ծնունդ առանց նվերների։ Չեմ հավատա, երբ որևէ մեկը հանկարծ ասի, որ այն ավելորդություն է, և դրա կարիքը ոչ ոք չէր էլ զգում։ «Ես առհասարակ շատ եմ սիրում նվերներ ստանալ, ավելորդ համեստություն եմ անում))) Ավելի շատ սիրում եմ նվերներ ստանալ, քան ինքս նվիրել։ Իրականում շատ ունեմ սիրելի ու առանձնահատուկ նվերներ, բայց այս պահին հատուկ մեկը չեմ կարող նշել, սակայն հույս ունեմ, որ այսօր այդ տպավորիչ նվերների շարքը կհամալրվի։ Նվեր սիրում եմ ստանալ շա՜տ տարբեր բաներ, որոնք կարող են իրար հետ բացարձակ կապ չունենալ։  Սիրում եմ դաշտային ծաղիկներից սկսած մինչև ոսկյա հետաքրքիր զարդեր, շրջանակը շատ լայն է։ Չեմ սիրում փափուկ խաղալիքներ նվեր ստանալ։ Նաև հաճախ քաղցրավենիք են ինձ նվիրում՝ դա անկախ ծնունդից»,- ժպտալով պատում է դերասանուհին։

Սաթենը հիշում է, որ իր ամենայուրահատուկ ծննդյան օրը եղել է նախորդ տարվանը։ Դերասանուհին ամբողջ օրը անցկացրել է իրտղայի հետ։ Ըստ դերասանուհու՝ այն իր համար չափազանց սիրելի և առանձնահատուկ է դարձել։

Ընկերների և հարազատների մաղթանքներին միանալով՝ դերասանուհին ևս ինքն իրեն մաղթանքներ ունի․ «Ցանկանում եմ ավելի շատ ժպտալ, միշտ ժպտալ։ Ժպիտն իրոք կյանքն ավելի հագեցած ու գունավոր է դարձնում։ Ուզում եմ, որ մարդկանց կյանքում այդ ժպիտների պատճառները շատ լինեն։ Ես ինքս շատ ժպտերես եմ ու ուղղակի ուզում եմ, որ այն երբեք չպակասի դեմքիցս»։

Իսկ տասը տարի անց Սաթենն իրեն արդեն տեսնում է ավելի կայացած մարդու դերում, ով ամուր կանգնած կլինի սեփական ոտքերի վրա․«Կլինեմ ավելի գեղեցիկ, ավելի հասուն կին և երջանիկ մայր։ Ու այն ժամանակ արդեն կլինեմ նաև կայացած տղայի մայր»։

Հեղինակ՝ Լուս Ավագյան