Stand Up հումորիստ Մաշայի անկեղծ զրույցը՝ երազանքի, քննադատությունների արժանանալու, կարիերայի և այլ թեմաների մասին

Եթե հայկական Stand Up հումորային ժանրին ծանոթ եք, ապա ճանաչում եք նաև Մարիամ (Մաշա) Մուրադյանին, ով տարիներ առաջ հայտնվեց նույն բեմում նախագծի արական սեռի ներկայացուցիչների հետ ու, չվախենալով քննադատություններից, իր տեղը զբաղեցրեց հումորի ասպարեզում։ Showbiz.am-ի հետ զրույցի ընթացքում Մաշան խոսել է ընտանիքի հետ անցկացրած ժամանակի, անցած ճանապարհի, քննադատությունների արժանանալու, երազանքների ու այլ հետաքրքիր թեմաների մասին։

«Կարանտինն անցկացրել եմ Արարատում՝ ընտանիքիս հետ։ Եկա Արարատ և ընտանիքով մեկուսացանք, եթե կարելի է դա այդպես անվանել։ Չէի ասի, որ իմ կյանքում շատ բաներ են փոխվել, կամ այս ընթացքում ժամանակ եմ ունեցել ձանձրանալու։ Միակ փոփոխությունն ու տարբերությունն այն է եղել, որ մեկ ամիս չեմ աշխատել։ Հիմնական զբաղմունքներիցս մեկը Յութուբն է եղել, որի շնորհիվ բավականին հետաքրքիր ու օգտակար կոնտենտ եմ նայել, նոր գիտելիքներ ձեռք բերել։ Շատ բաներ կարողացա այս ընթացքում մոռանալ, այնպիսի բաներ, որոնք պետք էր մոռանալ։ Հիմնականում ողջ ժամանակն ընտանիքիս հետ եմ անցկացրել, ու ինձ համար կարանտինն այդքան էլ սթրեսային չի եղել, այն ինձ համար հնարավորություն էր մի փոքր հանգստանալու ու ընտանիքիս անդամների հետ ավելի շատ ժամանակ անցացնելու համար»,- պատմում է նա։

Մաշան չի կորցնում լավատեսությունը, բայց անհամբեր սպասում է արտակարգ դրության ավարտին․ «Կարծում եմ՝ արտակարգ դրության ավարտից հետո շարունակելու եմ ապրել այնպես, ինչպես առաջ, քանի որ, անկեղծ ասած, դրա ընթացքում էլ ահռելի փոփոխություններ տեղի չեն ունեցել իմ կյանքում, ես արդեն անցել եմ աշխատանքի։ Շատ ուրախ եմ, որ գոնե սննդի կետերն ու սրճարաններն արդեն բաց են, ու կարողանում ենք թեկուզ այդ կերպ մեր օրը կազմակերպել։ Կարևորը, որ մեր Սևանը կա, որտեղ հաճախ եմ եղել այս օրերի ընթացքում։ Արտակարգ դրության ավարտից հետո միակ բանը, որի համար աշխարհի ամենաուրախ մարդն եմ լինելու, այն է, որ այլևս ստիպված չեմ լինելու դիմակ կրել»։

Մարիամը պատմեց նաև նոր նախագծերի առաջարկների, իր աշխատանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ «Շատ ծրագրեր կային, որոնք չեղարկվեցին կամ հետաձգվեցին։ Խոսքս անհատական Stand Up ներկայացումների մասին է, որոնք նախատեսվում էր փակ տարածքներում՝ դահլիճներում, անցկացնել, իսկ քանի որ կատեգորիկ արգելվեց փակ տարածքներում ներկայացումներ ու միջոցառումներ կազմակերպելը, բնականաբա,ր փոփոխություններ եղան։ Կարծում եմ՝ արտակարգ դրության ավարտից հետո կվերսկսեմ այդ ամենով զբաղվել։ Իհարկե, աշխատանքը տուժել է, բայց միայն ներկայացումները, քանի որ հիմնական աշխատանքս այս պահին Յութուբում եմ կատարում, իսկ դրա վրա ոչինչ չի ազդել․ մենք շարունակում ենք նկարահանումները։ Նոր առաջարկներ ևս կան՝ թե՛ յութուբյան հարթակում, թե՛ հեռուստատեսային։ Բայց այս պահին հստակ ոչինիչ ասել չեմ կարող դրանց վերաբերյալ, եթե լինի ինչ-որ հստակ որոշում, որի մասին կկարողանամ բարձրաձայնել, ապա դրա մասին կհայտնեմ»։

Մաշան հումորային ասպարեզում իր ուղին սկսելիս և մինչ օրս էլ շատ խոչընդոտների է բախվում ու, խոսելով դրանց մասին, պատմում է․ «Ես, ըստ էության, Հայաստանում առաջին աղջիկ սթենդափերն եմ եղել, մարդ, ով բեմից կարողացել է տղամարդկանց առհասարակ ինչ-որ կերպ հումորային տեսանկյունից անդրադառնալ, նկատել այնպիսի բաներ, որոնք ճիշտ չի համարում։ Իսկ մենք սովոր ենք, որ, ըստ հայկական մտածելակերպի, կինն առհասարակ իրավունք չունի տղամարդուն ինչ-որ հարցերում մեղադրել կամ սխալ համարել։ Բնականաբար քննադատությունները շատ են եղել, շատ եմ չհասկացված եղել ու դեռ շարունակում եմ լինել։ Դա միայն անծանոթ մարդկանց չի վերաբերում, անգամ ինձ շրջապատող ու ինձ բավականին մոտ, հարազատ մարդիկ կան, որոնք նույնպես չեն ընդունում այն գործունեությունն, ինչով ես զբաղվում եմ, այն ռիսկային հայտարարությունները, որ անում եմ։ Մարդկանց կողմից իմ գործունեության չհասկացված լինելն անձնական ու ընտանեկան կյանքում էլ է խանգարող դեր ունեցել։ Բայց այս ամենի մեջ մտնելուց առաջ մարդը պետք է գիտակցի, որ մտնում է մի ասպարեզ, որտեղ ոչինչ հարթ չի ընթանալու, բոլորին չես գոհացնելու, ու բնականաբար կարող է նաև այնպես պատահել, որ քեզ համար կարևոր ու թանկ մարդիկ քեզ չհասկանան։ Դու պետք է այդ ամենին պատրաստ լինես, այնպես չէ, որ հաղթահարեցիր այդ պահին ու կարող ես մոռանալ, ոչ, դա միշտ քեզ ցավեցնելու է ու հիշեցնելու իր մասին։ Ամեն դեպքում դու գիտես, որ վատ բան չես անում, բայց շատերը գտնում են, որ պարտադիր չէր կարծիքդ հանրայնացնել, խոսել այդ մասին բեմից ու ավելի ճիշտ կլիներ, որ կարծիքդ մնար տան պատերի ներսում։ Ես ուղղակի շատ սթափ եմ դատում, և հենց դա է ինձ աշխատանքումս օգնել և մինչ օրս օգնում է։ Նորմալ և ադեկվատ եմ վերաբերվում և՛ հասկացողներին, և՛ չհասկացողներին, և՛ ընդունողներին, և՛ վիրավորողներին, իսկ վիրավորողներ, իհարկե, շատ կան։ Մարդիկ կան, որոնք մեկնաբանություններում իրենց բավականին շատ բաներ են թույլ տալիս, որոնց ոչ միայն պատասխանն իրենք չունեն, այլև իրավունքը նման բաներ ասելու։ Բայց այդ ամենին պետք է ադեկվատ վերաբերվել, որովհետև սա այն դաշտն է, որտեղ ամենից շատ պետք է դրան պատրաստ լինես»։

Մաշային հանդիսատեսն ու հեռուստադիտողը սկսեց ճանաչել հումորային նախագծերի շնորհիվ։ Հարցին, թե կա՞ իր սրտում դրամատիկ կերպարներ կերտելու երազանք, նա պատասխանում է․ «Դրամատիկ դեր տանելու երազանք, այո, կա, բայց դա դեռ միայն երազանք է։ Նախ պետք է լինի մարդ, ով կհավատա, որ ես դա կարող եմ։ Ես մի քիչ սկեպտիկորեն եմ վերաբերում իմ դերասանական տաղանդին, քանի որ մասնագիտությամբ դերասանուհի չեմ։ Ես իդեալիստ եմ ու սիրում եմ անել այն, ինչն ինձ մոտ մաքսիմալ լավ է ստացվում։ Եթե ես դեռ երբևէ չեմ փորձել դրամատիկ դեր կերտել, չեմ կարող վստահաբար ասել, որ, խոսակցական լեզվով ասած, «խզարելու» եմ այդ դերը (հեղ․ ծիծաղում է)։ Շատ կուզեի պարզվեր, որ ես այդ տաղանդն ունեմ, ու շատ կցանկանայի, որ հայտնվեր այդպիսի մարդ, ով դրան կհավատար ու կփորձեր էքսպերիմենտ անել։ Ինձ թվում է՝ կփորձեի, բայց շատ մեծ վախով։ Բայց հստակ պատկերացումներ չունեմ այդպիսի կերպարների հետ կապված, թե ինչպիսին այն պետք է լինի, ինչը պետք է լինի նրա կյանքի դրաման, երբեք չեմ պատկերացրել։ Նորից եմ ասում, ինձ պետք է այնպիսի մարդ, ով կհավատա, որ ես դա կարող եմ անել, ու կունենա մասնագիտական հոտառություն, կզգա, թե ինչ կերպարում ու ինչպիսին պետք է ես լինեմ»։

Մաշան, փորձելով պատկերացնել, թե ինչպիսի կյանք է իր համար պակերացնում հինգ տարի անց, ասում է․ «Չեմ կարող պատկերացնել, թե հինգ տարի անց որտեղ կլինեմ ու ինչով կզբաղվեմ, բայց մի բան զգում եմ՝ զբաղված գրաֆիկով եմ աշխատելու։ Ես սիրում եմ այդչափ խիտ աշխատանքային զբաղվածությունը, և այս պարագայում հարցն այն չէ, թե դու որտեղ ես աշխատում ու որտեղ ես գործունեությունդ ծավալում։ Ես ուզում եմ հինգ տարի անց արթնանալ զարթուցիչի ձայնից, հազիվ հասցնել մեկ բաժակ սուրճ խմել, մի կերպ պատրաստվելով հասնել մի տեղ, որտեղ նկարահանման եմ, հետո վազել մեկ այլ տեղ, այնուհետև այլ ելույթի, իսկ վերջում, շատ ուշ ժամի կարողանալ ինչ-որ տեղ նստած հաց ուտել ու հասկանալ, որ օրվա ընթացքում կարողացել եմ շատուշատ կարևոր գործեր անել։ Հինգ տարի հետո ինձ զբաղված եմ տեսնում, շատ զբաղված»։

Մարիամը շատ նպատակասլաց ու սկզբունքային է, բայց գտնում է, որ մարդն անդադար չի կարող առաջ շարժվել՝ իր առաջ ինչ-որ հստակ կարգախոս ունենալով․ «Մարդն անդադար մեծանում է, փոխվում է նրա աշխարհայացքը, և օրինակ՝ 18 տարեկանում նրա ունեցած կարգախոսը, ըստ էության, ավելի պաթետիկ կլինի, քան՝ 28-ում։ Ես երբեք կարգախոս չեմ ունեցել, բայց մի բան իմ կյանքում հստակ է՝ եթե ինչ-որ բան սկսում եմ, ապա այն անպայման ավարտին եմ հասցնում։ Եթե ես նախապես զգում եմ, որ դա մինչև վերջ չի կարող գնալ, ես պարզապես չեմ սկսում, իսկ եթե սկսեցի՝ անգամ կյանքի գնով, դա ավարտում եմ։ Դա իմ կյանքի ձևն է․ սկսվեց, պետք է ավարտվի էլ»։

Մաշան խոսեց նաև իր նվիրական երազանքի մասին․ «Ամենից շատ երազում եմ մոտ 40 տարեկանում սեփական ռեստորան ունենալու մասին։ Ես վստահ եմ, որ դա կունենամ, եթե ոչ 40-ում, ապա 45-50 տարեկան հասակում հաստատ։ Ուզում եմ՝ դա լինի փոքրիկ, ռետրո ոճի ռեստորան, որտեղ կմատուցվեն նրբաճաշակ ուտեստներ, որոնցից գոնե երկուսը ես ինքս կպատրաստեմ, քանի որ խոհանոցի մեծ սիրահար եմ։ Ըստ էության՝ այս կյանքում ամենից շատ սիրում եմ խոհանոցում ուտեստներ պատրաստել։ Հույս ունեմ, որ դա երազանք չի մնա, այլ շուտով կվերածվի մոտ ապագայի ծրագրի»։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան