Մոտ 1 մլն՝ մեկ օրում. Թրամփի եղբոր դստեր սկանդալային գիրքը ռեկորդ է սահմանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եղբոր դստեր՝ Մերի Թրամփի հեղինակած աղմկահարույց գիրքը, որում երկրի ղեկավարի վերաբերյալ բավականին տհաճ բացահայտումներ ու պնդումներ են ներկայացված, վաճառքի հանվելու առաջին օրը ռեկորդային քանակությամբ է սպառվել:

Ինչպես նշում է latimes.com կայքը, «Չափից շատ և երբեք բավարար չէ. Ինչպես ընտանիքս ստեղծեց աշխարհի ամենավտանգավոր մարդուն» վերնագրով գիրքը հրատարակել է Simon & Schuster հրատարակչությունը: Հայտնի է, որ վաճառքի հանվելու առաջին օրը սպառվել է 950 000 օրինակ, ինչը ռեկորդային ցուցանիշ է Simon & Schuster-ի համար:

Մերի Թրամփի գիրքը նվիրված է Սպիտակ տան ղեկավարին և Թրամփ ընտանիքի «մութ պատմություններին»:

Հրատարակչությունը գիրքը նկարագրել է որպես «Դոնալդ Թրամփի անկեղծ, ազդեցիկ դիմանկար»՝ ընդգծելով, որ Մերի Թրամփը «լույս է սփռում իրենց ընտանիքի մութ պատմությունների վրա, բացատրում է, թե ինչպես է իր հորեղբայրը դարձել այն մարդը, որն այժմ սպառնում է աշխարհի առողջապահությանը, տնտեսական անվտանգությանն ու սոցիալական կառուցվածքին»։

Հեղինակի խոսքով՝ նա իր մանկության մեծ մասն անցկացրել է Թրամփի շրջապատում՝ այդ տարիներն անվանելով «մղձավանջային, կործանարար և չարաշահման և անտարբերության ողբերգական համադրություն»։
Մերի Թրամփը Թրամփի հանգուցյալ եղբայր Ֆրեդ Թրամփ կրտսերի դուստրն է։