Չի զսպել արցունքները. ինչպե՞ս է անցել Քանյե Ուեսթի նախընտրական հանդիպումը ընտրողների հետ

ԱՄՆ նախագահի անկախ թեկնածու, ռեփեր Քանյե Ուեսթն ընտրողների հետ առաջին հանդիպման ընթացքում կատակել է կորոնավիրուսի վերաբերյալ, հայհոյել է, արտասվել հիշողություններից և հատվածներ մեջբերել Աստվածաշնչից: Նրա` ավելի քան մեկժամյա շփումն ընտրողների հետ հայտնվել է The Sun պարբերականի յութուբյան տեսաալիքում:

Ուեսթը «Security» գրառմամբ զրահապատ բաճկոն է կրել, ծոծրակին գրված է եղել 2020, նա եղել է առանց դիմակի, շփվել է մարդկանց շատ մոտ կանգնած և չի պահպանել սոցիալական հեռավորությունը:

Միջոցառումը տեղի է ունեցել Հարավային Կարոլինայում, դրան ներկա է եղել շուրջ 200 մարդ:

«Ես 4 տարի Թրամփի ճամբարում եմ եղել: Բացատրում եմ: Դեմոկրատները թքած ունեն սևերի վրա: Քաղաքական գործիչները, Ամերիկան, Թրամփը, Բայդենը կամ Քանյե Ուեսթը չեն կարող ազատել մեզ: Միակ բանը, որ մեզ կարող է ազատություն տալ, կտակարաններին հետևելն է»,-ասել է երաժիշտը:

Նա խնդրել է չկարծել, որ իր հայտնվելը քաղաքական դաշտում ուղղակի դեմոկրատներից աֆրոամերիկացիների ձայները խլելու փորձ է: Ելույթի ժամանակ Ուեսթը հաճախ չափից դուրս ազատ է եղել խոսքերում:

«Աստծո աչքում մենք բոլորս հավասար ենք: Երբեմն մարդկանց ղեկավարում են սատանաները, երբեմն` շրջակա միջավայրը, որում մենք գտնվում ենք: Բայց մենք բոլորս Աստծո մարդիկ ենք: Չկան վատեր, չկան լավեր, չկան կարմիրներ ու կապույտներ (Հանրապետական և Դեմոկրատական կուսակցության գույներն են): Ահա թե ինչու են այսօր իմ մազերը յասամանագույն»,- ասել է Ուեսթը:

Ռեփերը կարծիք է հայտնել, որ անօրինական ներգաղթ հասկացություն գոյություն չունի, քանի որ այդ մարդիկ, իր խոսքով, աշխատում և աջակցում են ԱՄՆ-ին, այդ իսկ պատճառով նրանց հարկավոր է հնարավորություն տալ ազատ լինել:

Հետո երաժիշտը կատակով և ծիծաղով պատմել է, թե ինչպես է իր ընկերուհի և հետագայում կին Քիմ Քարդաշյանը տեղեկացրել իրեն հղիության մասին և ինչպես է որոշվել պահպանել երեխային: Այդ ժամանակ Ուեսթը հիշողությունների գիրկն է ընկել:

«Ինձ իմ մայրիկն է փրկել: Իմ հայրը ցանկանում էր, որ հեռացնեն ինձ: Մայրս փրկել է իմ կյանքը: Քանյե Ուեսթը չէր լինի, քանի որ հայրս շատ զբաղված էր»,-ասել է ռեփերը և արտասվել:

Նրանից որոշ ժամանակ և սրահից աջակցության ձայներ են պահանջվել, որպեսզի ուշքի գա և քննադատի հղիության արհեստական ընդհատումը, միևնույն ժամանակ հանդես գալով դրա օրինականացմանը կողմ: Ուեսթի խոսքով՝ երեխա լույս աշխարհ բերողներին պետք է 1 միլիոն դոլար աջակցություն տալ:

Հանդիպման վերջում նա ստիպված է եղել խնդրել սրահից հեռացնել դժգոհ հյուրերից մեկին և խնդրել է ներկաներին իր ելույթը գնահատել շատ լավ կամ շատ վատ: Մի քանի հակասական բացականչություններից հետո նա հրաժեշտ է տվել և հեռացել: