«Եթե կինս որոշի ամուսնալուծվել, ես դրան հանգիստ կվերաբերվեմ ու կշարունակեմ երջանիկ լինել»․ Քանյե Ուեսթ

Ամերիկացի ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը, որը որպես անկախ թեկնածու մտադիր է մասնակցել այս աշնանը կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին, նախընտրական հանրահավաք է կազմակերպել Հարավային Կարոլինա նահանգում:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 43-ամյա Ուեսթն իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել կնոջը՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, իրեն հայրության բերկրանքը պարգևելու համար:

«Ընկերուհիս զանգահարեց ու բղավելով, արտասվելով ասաց, որ հղի է»,- պատմել է Ուեսթը՝ մանրամասնելով, որ այդ պահին ինքն ու Քարդաշյանը մտածում էին ինչպես վարվել՝ պահել, թե հեռացնել պտղին:

«Ես այդ ժամանակ աշխատում էի լեփթոփով, ու մենք քննարկում էինք դեղահաբի միջոցով արհեստական վիժեցման հարցը: Հանկարծ էկրանը սև ու սպիտակ դարձավ: Եվ Աստված ինձ ասաց, որ նման բան չանեմ: Ես ընկերուհուս ասացի՝ մենք այդ երեխային կունենանք: Ես քիչ էր մնում սպանեի երեխայիս, սակայն Քիմը լույս աշխարհ բերեց Նորթին»,- վերհիշել է ռեփերը՝ հավելելով, որ եթե կինը որոշի ամուսնալուծվել, ապա ինքը հանգիստ կվերաբերվի այդ որոշմանը:

«Եվ եթե կինս այս ելույթից հետո նույնիսկ որոշի ամուսնալուծվել, ես դրան հանգիստ կվերաբերվեմ ու կշարունակեմ երջանիկ լինել, քանի որ նա լույս աշխարհ է բերել Նորթին»,- հայտարարել է Ուեսթը:

Նշենք, որ զույգն ունի չորս երեխա: