«Առանց երկմտելու որոշեցի հետաձգել»․Գևորգ Մկրտչյանը՝ նոր տեսահոլովակի և քթի պլաստիկ վիրահատության մասին

Երգիչ Գևորգ Մկրտչյանը, ով ներկայանում էր Արմենիա TV-ի «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում, այս շրջանում աշխատում է նոր տեսահոլովակի վրա, որը, ըստ երգչի, խոստանում է հետաքրքիր և ինքնատիպ լինել։

ShowBiz.am-ի հետ զրույցում Գևորգը պատմել է իր ներկայիս զբաղվածության, քթի պլաստիկ վիրահատության, հեռուստասերիալային առաջին դերի դժվարությունների և այլ հետաքրքիր թեմաների մասին։

-Դիմել եք քթի պլաստիկ վիրահատության. առողջակա՞ն խնդիրներ եք ունեցել, թե՞ զուտ պլաստիկ միջամտություն  եք  կատարել։

-Արդեն 2-3 տարի է, ինչ ունեի շնչառական լուրջ խնդիրներ՝ կապված խեցիների և միջնապատի հետ։ Սակայն չէի կարողանում ազատ ժամանակ գտնել խնդիրը լուծելու համար։ Իսկ այժմ, քանի որ կարանտին է, սերիալի նկարահանումներն էլ ավարտվել են, ունեի մեկ ամիս ազատ ժամանակ, որոշեցի հնարավորինս շուտ լուծել խնդիրը։ Վիրահատությունից շատ քիչ ժամանակ է անցել, բայց արդեն ակնհայտ փոփոխություններ եմ զգում։ Առաջ մի քանի ժամը մեկ պարբերականությամբ օգտագործում եմ դեղորայք, որպեսզի կարողանայի շնչել, իսկ հիմա առանց որևէ դեղամիջոցի կարողանում եմ նորմալ շնչել։

-Ձեր տեսահոլովակի պրեմիերան հետաձգվել է. ինչո՞վ է այն պայմանավորված։

Իմ կողմից անհարգալից կլիներ այս օրերին պրեմիերա անելը։ Առանց երկմտելու որոշեցի հետաձգել։ Հիմա առաջնային պետք է մեր ազգի, մեր սահմանապահ զինվորների կողքին լինենք, իսկ պրեմիերա անել դեռ կհասցնենք։ Խորին ցավակցություններս եմ հայտնում մեր զոհված տղերքի ընտանիքներին։ Կորուստն ու վիշտը շատ մեծ է, բայց նրաnք ընկան որպես հերոսներ։ Փառք ու պատիվ նրանց։

-Ովքե՞ր են աշխատել նոր տեսահոլովակի վրա, ինչպե՞ս են ընթացել նկարահանումները։

-Աշխատել եմ ռեժիսոր Տիգրան Ավետիսյանի, օպերատոր Դավիթ Ավագյանի և դիզայներ Dany Universe-ի հետ։ Երաժշտության հեղինակն է Արման Անտոնյանը, իսկ խոսքերինը՝ Անաստասիա Բրուխտին։ Տեսահոլովակի նկարահանումները շատ հետաքրքիր են ընթացել, պրեմիերայից մոտ մեկ շաբաթ հետո կներկայացնեմ բեքսթեյջը, որտեղ երևում է նկարահանումների ամբողջ ընթացքը։

-Հարցազրույցներից մեկում նշել էիք, որ այս մեկը տարբերվելու է նախորդներից, կասեք՝ ինչո՞վ։

-Նախ ոճային առումով է շատ տարբերվում իմ նախորդ երգերից։ Տեսահոլովակի հերոսուհին ինքն իրենով արդեն իսկ տարբերվում է բոլորից, չեմ բացի փակագծերը, շուտով ինքներդ կհամոզվեք։ Ունենք հետաքրքիր պատմություն, որը դիտողներին կստիպի չկտրվել և մինչև վերջ հետևել ընթացքին։

-Կպատմե՞ք մի փոքր տեսահոլովակի բովանդակության և սյուժեի մասին։

-Տեսահոլովակը Ինստագրամ սոցիալական կայքի մասին է, ներկայացնում ենք, թե ինչքան խաբուսիկ կարող են լինել ծանոթություններն օնլայն տիրույթում։ Չենք փորձել վիրավորել որևէ մեկին, այլ ներկայացրել ենք հումորային հետաքրքիր պատմություն։ Կարծում եմ՝ շատերիս հետ պատահած կլինի, որ սոցկայքում նկարներ նայելիս ուրիշ կարծիք ձևավորվի մեզ մոտ, բայց երբ ռեալ կյանքում տեսնենք այդ մարդուն, հնարավոր է՝ չճանաչենք էլ։

-Իրինա Այվազյանն այս անգամ հանդես չի եկել գլխավոր հերոսուհու կերպարում, ինչո՞ւ։  Ինչպես արձագանքեց Իրինան նորությունն իմանալիս։

-Նախ նշեմ, որ տեսահոլավակի գաղափարը Իրինայինն է։ Երբ որոշեցի քիթս վիրահատել ու վիրահատությանը մնացել էր մի քանի օր, հավաքվեցինք ու որոշեցինք, որ շատ շտապ պետք է տեսահոլովակ նկարահանել։ Երկար քննարկումներից հետո Իրինան շատ հետաքրքիր միտք տվեց։ Հետևորդներս, չգիտեմ՝ ինչու, առանց Իրինայի չեն թողնում տեսահոլովակ նկարահանեմ։ Այդ պատճառով էլ Իրինան որոշեց, որ ինքն էլ պետք է մասնակցություն ունենա, սակայն այս անգամ ոչ գլխավոր հերոսուհու կերպարով։ Բայց թե ինչ կերպարով է ներկայանալու, ավելի լավ է՝ չբացահայտեմ, թող անակնկալ լինի։

-Գլխավոր հերոսուհու կերպարում հանրությանը հայտնի մարդ է ներկայանլու, թե՞ այս անգամ կլինի անծանոթուհի։  Ինչպե՞ս է ընտրվել հերոսուհին։

-Այս անգամ հերոսուհուն հանրությունը գուցե և ճանաչի, գուցե և՝ ոչ, կախված է, թե ինչ տարիքային խմբում են և ինչ սոցիալական կայքերից են օգտվում։  Շատերի համար բացահայտում կլինի, և վստահ եմ, որ շատ կսիրվի։

-Երգիչ լինելով հանդերձ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում ներկայացաք որպես դերասան. կասեք՝ որքանո՞վ էր այն պարտավորեցնող, ի՞նչ սովորեցիք այս ընթացքում և ի՞նչ դժվարությունների բախվեցիք։

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Դիանա Գրիգորյանին և բոլոր այն մարդկանց, ում հետ աշխատեցի այս նախագծի ընթացքում։ Թիմի անդամներին անկեղծ շատ-շատ եմ սիրել։ Վերջին օրերն առավել ծանր էին ինձ համար, քանի որ հասկանում էի, որ նկարահանումներն ավարտվում են։ Շուրջ մեկ տարի լինելով այդ ընտանիքի անդամը և օրվա մեծ մասն անցկացնելով նրանց հետ՝ կածրում եմ, որ բոլորի համար էլ դժվար էր գիտակցելը, որ ամեն բան ավարտվում է։ Շատ կարևոր էր, թե ինչպես կներկայանամ, քանի որ սա իմ առաջին հեռուստանախագիծն էր։ Դժվարություններ, կարելի է ասել, չեն եղել, քանի որ կողքիս կային շատ սրտացավ մարդիկ, ովքեր ինձ օգնեցին պատվով ներկայանալ։

Նախատեսո՞ւմ եք ապագայում ևս ներկայանալ դերասանի մասնագիտությամբ։ Հե՞շտ է ստացվում մասնագիտությունները համատեղել և ամեն տեղում լիարժեք ներկայանալ։

Արդեն ունեմ առաջարկներ, բայց դրա մասին ավելի ուշ կտեղեկացնեմ։ Երբ քո առաջ նպատակ ես դնում, անհնարին ոչինչ չի կարող լինել։ Իրականում ոչ մի բանն էլ հեշտ չէ, եթե ուզում ես լավ արդյունք ստանալ և որպես արտիստ նույն տեղում կանգնած չմնալ, ապա պետք է կարողանաս շատ աշխատել։

Ամառվա և հանգստի հետ կապված որևէ պլաններ ունե՞ք։

Պլանները շատ էին հանգստի հետ կապված, բայց քանի որ արտակարգ դրությունը հետաձգվում է, իսկ իմ հանգստի համար նախատեսված մեկ ամիսը գրեթե ավարտվում է, այս տարին կանցնի առանց հանգստի։ Բայց կարծում եմ, որ կարևորը հանգիստը չէ, կարևորը հայրենիքիս սահմաններին խաղաղություն և կայունություն լինի, այս համաճարակը նահանջի ու բոլորս կարողանանք անցնել մեր բնականոն կյանքին։

Հեղինակ՝ Լուս Ավագյան