Stella McCartney ապրանքանիշը կրճատում է իր աշխատակիցներին

Համավարակի և կարանտինային ռեժիմի հետևանքով մի շարք ոլորտներ հայտնվել են բավականին դժվարին իրավիճակում. կազմակերպությունները փակվում են, տեղի են ուենում կրճատումներ, աշխատավարձերը նվազում են։ Ամենից շատ տուժող ոլորտներից է նորաձևությունը:
Վերջերս հայտնի դարձավ, որ Stella McCartney ապրանքանիշը ծրագրում է կրճատել հաստիքացուցակը, անորոշ ժամկետով նվազեցնել որոշ աշխատակիցների աշխատավարձը, ինչպես նաև նվազեցնել նախագծերի ու միջոցառումների ծախսերը։

«Stella McCartney-ն, ոլորտում մի շարք այլ ընկերությունների պես, այս պահին շատ բարդ շրջան է անցնում և շատ բան է վերանայում՝ բիզնեսը համապատասխանեցնելու փոխվող տնտեսությանը։ Առայժմ որևէ որոշում չի կայացվել աշխատակիցների ազատման մասին, մենք զրույցներ ենք անցկացնում անձնակազմի հետ՝ մեր ընկերության ապագա կառուցվածքը հասկանալու համար»,- հայտնել է ապրանքանիշի գլխավոր տնօրեն Գաբրիել Մաջիոն։