ABBA-ն 5 նոր երգ կթողարկի և վիրտուալ շրջագայության կմեկնի

Շվեդական ABBA երաժշտական խումբը հաջորդ տարի կներկայացնի հինգ նոր երգ՝ չնայած որ ի սկզբանե որոշվել էր ընդամենը երկուսը ներկայացնել:

Ինչպես նշում է deadline.com-ը, դա կլինի վերջին 35 տարում ABBA-ի կողմից նոր երաժշտական ստեղծագործությունների առաջին ներկայացումը: Նոր երգերից երկուսը կոչվում են I Still Have Faith In You և Don’t Shut Me Down:

«Մենք զգացինք, որ 35 տարի անց հետաքրքիր կլիներ կրկին համատեղել ուժերն ու ձայնագրման ստուդիա գնալ»,-նշված է խմբի հայտարարությունում։

Բացի այդ, խումբը պատրաստվում է վիրտուալ շրջագայության մեկնել: Շրջագայության ժամանակ կօգտագործվեն երաժիշտների հոլոգրաֆիկ պատկերները, որտեղ նրանք շատ ավելի երիտասարդ տեսք կունենան:

ABBA խումբն իր գործունեությունը դադարեցրել է 1982թ.: Նրանք վերամիավորվել են 2016թ. տեղի ունեցած մասնավոր առիթի ժամանակ՝ նշելով խմբի անդամների առաջին հանդիպման 50-ամյակը:

Աղբյուրը նկատում է, որ խմբի անդամների ցրվելուց ի վեր անցած տասնամյակներն ամենևին էլ չեն ազդել ամբողջ աշխարհում ABBA-ի նկատմամբ երկրպագուների մեծ սիրո վրա: