Ջոնի Դեպը փորձել է բարձով խեղդել Էմբեր Հարդին. հերթական վկան ցուցմունք է տվել

Հոլիվուդյան դերասանուհի Էմբեր Հարդի նախկին ամուսինը՝ դերասան Ջոնի Դեպը, փորձել է կնոջը բարձով խեղդել: Այս մասին դատական նիստի ժամանակ պատմել է Հարդի դիմահարդար Մելանի Ինգլեսիսը՝ մանրամասնելով, որ նախկին աստղային զույգի միջև տեղի ունեցած կռվից հետո դերասանուհու շրթունքը պատռվել է և դեմքին կապտուկներ են եղել:

Ինչպես նշում է The Guardian-ը, Ինգլեսիսը մանրամասնել է, որ դիմահարդարման միջոցով քողարկել է Դեպի գործադրած բռնության հետքերը:

Նա նշել է, որ Հարդը 2015թ. դեկտեմբերին զանգահարել է և իրեն զույգի լոսանջելեսյան պենտհաուս կանչել, որպեսզի ինքը քողարկի բռնության հետքերը՝ Հարդին հնարավորություն տալով հաջորդ օրը հեռուստատեսությամբ երևալ:

«Երբ գնացի նրա մոտ, ասաց, որ ինքն ու Ջոնին կռվել են, և որ դերասանը փորձել է իրեն բարձով խեղդել: Նրա կարծիքով՝ Դեպը փորձել էր այդ գիշեր սպանել իրեն, մազերից բռնած քարշ էր տվել»,-պատմել է դիմահարդարը:

Մինչդեռ Դեպը հերքում է կնոջը ծեծելու մեղադրանքները: