«Այս տարին իրադարձություններով լեցուն էր»․ Լիանա Հակոբյանը՝ ծննդյան օրվա առանձնահատկության և անակնկալների մասին

«Ոսկե դպրոց» և «Դեպի ճամբար» հեռուստանախագծերից հայտնի դերասանուհի Լիանա Հակոբյանը երեկ նշել է ծննդյան 23-ամյակը։
ShowBiz.am-ը զրուցել է դերասանուհու հետ՝ խոսելով այս ծննդյան առանձնահատկության, օրվա անակնկալների, նվերների և երազանքների մասին։

«Ինձ համար խորհրդանշական էր ամսի 23-ին 23 տարեկան դառնալը, իրականում այս օրվան միշտ սպասել եմ։ Ճիշտն ասած՝ կապված այս վիրուսի հետ մեծ խնջույք չէինք կազմակերպել, քանի որ հասկանում ենք, թե դա որքան վտանգավոր կարող է լինել։ Իմ ընկերներն ու հարազատներն են եղել խնջույքին, նշել ենք տանը»,- պատմում  է Լիանան։

Ըստ դերասանուհու՝ դեռ կեսգիշերից ինքը հայտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում․ «Բոլորն ինձ տորթ, փուչիկներ կամ ծաղիկներ էին ուղարկում, ինչը, իրոք, չափազանց ոգևորիչ էր։ Ես, իրականում, շատ եմ սիրում իմ ծննդյան օրը, թեկուզ միայն նրա համար, որ ամբողջ օրը ուշադրության կենտրոնում եմ լինում։ Այդ օրը մի տեսակ ամեն բան ավելի դրական ու ջերմ է դառնում՝ անգամ մարդկանց տրամադրվածությունը քո նկատմամբ»,- կիսվում է երիտասարդ դերասանուհին։

Այս տարի Լիանան ծննդյան օրը նշել է սիրելիի և իրենց ընդհանուր ընկերների հետ։

Տորթի մոմերը փչելու գործընթացը դերասանուհին ևս շատ է սիրում և կարծում է, որ ծննդյան օրը հենց երազանքներ պահելու օր է․ «Ես ինքս էլ ամեն տարի մեծ հույսով ու սպասումով երազանքներ եմ պահում»։

Խոսելով ձեռքբերումների և փոփոխությունների մասին՝ Լիանան պատմում է․ «Այս տարին, անկեղծ ասած, շատ առանձնահատուկ ու, այսպես ասած, անցումային տարի էր ինձ համար, քանի որ վերջիվերջո կարողացա հասկանալ, թե ինձ ինչ է պետք և ովքեր են պետք իրականում։ Հիմա ես ապրում եմ այնպես, ինչպես ճիշտ եմ համարում։ Ինձ թվում է, որ ավելի հասունացել եմ, սկսել եմ ավելի մանր-մունր բաներին ուշադրություն չդարձենել, ամեն աննշան բանից պատմություն չսարքել։ Սկսել եմ ավելի շատ գնահատել այն մարդկանց, ովքեր կողքիս են ու շփվել այն մարդկանց հետ, ում հետ ինձ իրոք լավ եմ զգում»։

Իսկ նվերների մասին հիշելիս պատմում․ «Ես հիմնականում ստանում եմ այնպիսի նվերներ, որոնք ինձ դուր են գալիս, քանի որ դրանք նվիրողները իմ հարազատներն են, իսկ իրենք գիտեն, թե ես ինչ եմ սիրում և ինչ տանել չեմ կարողանում։ Առաջին նվերը ստացել եմ գիշերը՝ արծաթյա գեղեցիկ վզնոց, որը նվիրել է քույրիկս։ Իրականում նվերն ինձ համար անակնկալ էր, քանի որ քույրս ապրում է Ռուսաստանում, և չէի սպասում, որ այնտեղից ինձ նվեր կուղարկի։ Ընտանիքի անդամներն էլ ինձ համար գեղեցիկ տորթ և փուչիկներ էին պատրաստել, դա ևս անակնկալ էր»։

Հիշարժան և չափազանց յուրահատուկ նվեր դերասանուհին ևս ունեցել է, որի մասին պատմելիս Լիանան մի փոքր նեղսրտեց․ «Կա մի նվեր, որի մասին երբեք չեմ մոռանա՝ չնայած որ այն արդեն ինձ հետ չէ։ Երբ 12 տարեկան էի, ինձ նվիրեցին փոքրիկ շունիկ։ Այն ինձ համար չափազանց կարևոր էր, քանի որ դրան շատ-շատ էի սպասել։ Իհարկե, այդ օրվանից արդեն ինը տարի է անցել, և նա էլ ինձ հետ չէ, բայց մինչև հիմա էլ լավ հիշում եմ այդ օրն ու իմ զգացողությունները»։

Լիանան չմոռացավ նաև ինքն իրեն մաղթանքներ հղել․ «Ցանկանում եմ չկորցնել էությունս ու չմոռանալ այն երազանքները, որոնք ունեմ և ոչ մի վայրկյան հետ քայլ չանել։ Ուզում եմ միշտ առաջ գնալ ու հստակ ձգտել այն կետին, որին նախատեսել էի հասնել։ Շատ է լինում կյանքում, որ հուսահատվում, վհատվում ենք, բայց իրականում այդ ամենն այդքան էլ էական չէ, կարևորը դու ես՝ քո նպատակներով և երազանքներով։

Իսկ տասը տարի անց Լիանան ցանկանում է ունենալ նույն էներգիան և նույն ոգևորությամբ սպասել իր ծննդյան օրվան։

Հեղինակ՝ Լուս Ավագյան