Ինչո՞ւ «Միսս Տիեզերք» մրցույթի մասնակիցը չի ցանկացել միանալ Դայանա Դավթյանի նախաձեռնած «Աջակցում եմ Հայաստանին» ֆլեշմոբին

«Միսս Տիեզերք 2019» մրցույթի մասնակից մի քանի երկրների գեղեցկուհիներ հանդես են եկել Հայաստանի սահմանին ադրբեջանական հարձակումների դեմ կոչերով և այս ամենը «Միսս Տիեզերք Արմենիա 2019» Դայանա Դավթյանի նախաձեռնության շնորհիվ:
Իրենց սոցիալական կայքերի էջերում «Աջակցում եմ Հայաստանին»/Support Armenia հեշթեգներով լուսանկարներ են տեղադրել Սալվադորի, Նիգերիայի, Բուլղարիայի, Գուամի, Արգենտինայի, Տանզանիայի, Շվեդիայի և Հոնդուրասի ներկայացուցիչները:

Showbiz.am կայքի հետ զրույցում Դայանան պատմեց, թե ինչպես իր մոտ առաջացավ այդ մտահաղացումը և անդրադարձավ այն գեղեցկուհուն, ով հրաժարվեց աջակցել Հայաստանին:

«Տեսնելով այս դժվար իրավիճակը Հայաստանի սահանին՝ ես մտածում էի, թե ինչ կարող եմ անել, ու մտքովս մի բան անցավ. որոշեցի նախաձեռնություն սկսել` կոչ անելով «Միսս տիեզերք» մրցույթի մասնակից աղջիկներին սատարել ու աջակցել Հայաստանին»,- պատմում է Դայանան ու հավելում,- «Քանի որ սա քաղաքական հարց է, ես կարծում էի, որ արձագանքներ չեն լինի, որովհետև գեղեցկության մրցույթի մասնակիցներն իրավունք չունեն քաղաքական հարցերի անդրադառնալ: Բայց աղջիկներն արձագանքեցին, քանի որ այսպիսով նրանք աջակցում են ոչ միայն քաղաքական առումով, այլ նաև Ադրբեջանին կոչ են անում դադարեցնել ագրեսիան: Իրենց երկրում նրանք բավականին հայտնի են, ու կարծում եմ, որ սա մեծ աջակցություն է, որովհետև նրանք տեղադրելով «Աջակցում եմ Հայաստանին» հեշթեգով լուսանկարները` կոչ են անում իրենց հետևորդներին աջակցել Հայաստանին: Չէ՞ որ շատ մարդիկ կան աշխարհում, ովքեր անգամ չգիտեն, որ Հայաստան անվամբ երկիր կա ու տեղյակ չեն մեր խնդիրներին։ Աղջիների շնորհիվ շատերն իմացան, հետաքրքրվեցին ու բռնեցին Հայաստանի կողմը: Ինչպես նաև նրանց աջակցության այդ խոսքերը «դուխ» տվեցին հայ ժողովրդին ու զինվորներին, ովքեր տեսան, որ այդ մարդիկ Հայաստանի կողմից են ու աջակցում են մեզ»:

Դայանան նաև նշում է, որ չնայած «Միսս տիեզերք» մրցույթից անցել է մեկ տարի, բայց մրցույթի մասնակցների հետ նա լավ հարաբերություններ ունի և չի կորցրել կապը, դրա շնորհիվ էլ իր մտահաղացումը գեղեցկուհիները շատ լավ ընդունեցին ու համաձայնվեցին:

«Մենք պարբերաբար խոսում են սոց․ կայքերով: Ես նրանց գրեցի, նկարագրեցի իրավիճակը, թե ինչ է կատարվում Հայաստանում հիմա և որ մենք ունենք աջակցության կարիք: Առաջարկեցի նման ֆլեշմոբ սկսել: Դեռ բոլորը չեն ուղարկել, ընթացքի մեջ է»,- ասում է նա:

Դայանան նաև պատմում է այն միակ աղջկա մասին, ով հրաժարվեց աջակցել Հայաստանին:
«Մի աղջիկ, որն ի միջի այլոց ինձ հետ նույն սենյակում էր մնում, ասաց. «Կներես, ես չեմ կարող, քանի որ ինձ իմ տնօրենը թույլ չի տալիս որևէ քաղաքական թեմայի շուրջ գրառում անել սոցիալական կայքերում»:
Նա նաև ասաց, որ ունի և՛ հայ, և՛ ադրբեջանցի ընկերներ ու այդ պատճառով չի ցանկանում որևէ մեկի կողմը բռնել: Բայց միայն նա էր, որ նման նամակ ինձ գրեց: Կարծում եմ՝ կլինեն աղջիկներ, ովքեր չեն մասնակցի այս ֆլեշմոբին. ես հասկանում են նրանց դիրքորոշումը: Իրոք լուրջ քայլ է երկու հակամարտող երկներից մեկի կողմը բռնել»,- նշում է Դայանան:

Գեղեցկուհին իր խոսքը եզրափակում է` ասելով, որ անգամ չէր կարող պատկերացնել, որ նման մեծ արձագանք կունենա իր նախաձեռնությունը:
Նշենք, որ «Աջակցում եմ Հայաստանին» ֆլեշմոբին մասնակցել են Ռոզմարի Առաուզը ( Հոնդուրաս), Լինա Լջունգբերգը ( Շվեդիա), Մարիանա Ջեսսիկա Վարելան (Արգենտինա), Սիսսի Լուոն (Գուամ),  Լոռա Ասենովան (Բուլղարիա),  Օլուտոսին Իտոհան Արարամին (Նիգերիա), Զուլեյկա Սոլերը (Էլ Սալվադոր),  Շուբիլա Սթենթոնը (Տանզանիա):

Հեղինակ` Տաթևեր Լազարյան