«Մարդկանց կգրավի հենց այդ ինտելեկտուալ զրույցը»․ Էվա Խաչատրյանը՝ աուդիոներկայացման ու իր դերի մասին

Օրեր առաջ Կամերային թատրոնն իր հանդիսատեսին ուրախացրեց՝ հայտնելով, որ պատրաստվում է նրանց դատին ներկայացնել աուդիոներկայացում, որն իր ձևաչափով տարբերվող է, քանի որ բացի ձայնը, դրանում կլինի նաև հատուկ ֆոտոշարք, ինչը թույլ կտա ունկընդիրներին ավելի պատկերավոր զգալ հերոսների զգացմունքները։ Աուդիոներկայացման մեջ զբաղված են Կամերային թատրոնի դերասաններ Էվա Խաչատրյանն ու Սենիկ Բարսեղյանը։ Showbiz.am-ի հետ զրույցում սիրված դերասանուհին պատմել է պիեսի, հերոսների, Կամերային թատրոնի նոր մտահաղացումների մասին ու նշել, թե հատկապես ինչը մարդկանց կգրավի այս ներկայացման մեջ։

– Ինչպե՞ս և ինչու՞ Կամերայինը որոշեց ներկայացման նոր` աուդիո ձևաչափը: Ո՞վ է մտահաղացման հեղինակը:

– Քանի որ այս պահին կարանտին է և թատրոններն, ինչպես գիտեք չեն աշխատում, մենք հնարավորություն չունենք բեմից ներկայացնել որևէ նորություն կամ խաղալ արդեն սիրված ներկայացումները։ Մտահաղացման հեղինակը Արշալույս Հարությունյանն է։ Նա որոշեց ի կատար ածել իր նոր, հետաքրքիր ու խենթ մտահաղացումը։ Մեզ մոտ այս ձևաչափով դեռ ոչ մի բան չէր արվել։ Համենայն դեպս, ես չեմ հանդիպել։ Որոշվեց այնպիսի մի բան անել, որը կիրականացվեր հանգիստ, առանց հակահամաճարակային կանոնները խախտելու և կներկայացվեր հանդիսատեսի ու հետևորդների դատին։

– Հե՞շտ էր արդյոք այսպիսի ձևաչափով ներկայանալը:

Եթե անկեղծ լինեմ, պետք է ասեմ, որ հեշտ չէր։ Բավականին բարդ ու ծավալուն աշխատանք է։ Հսկայական աշխատանք է տարվել․ ձայնագրման ստուդիայում բազմաթիվ օրեր ենք անցկացրել, որոնք մեզնից ոչ միայն դերասանական տաղանդ են պահանջել, այլ նաև նյութի մեջ խորապես ներթափանցելու, այն մաքսիմալ հասկանալու և ամեն ինչ ձայնի վերածելու կարողություն։ Եթե դու բեմում որպես դերասան կարող ես ժեստով, հայացքով, արցունքով կամ մարմնի շարժուձևով ուզածդ զգացմունքը մատուցել, ապա այստեղ այդ ամենը պետք է վերածվի ձայնի։ Մարդիկ պետք է ձայնը լսելիս արդեն հստակ ամեն ինչ հասկանան, պատկերացնեն ու զգան, թե ինչ հոգեվիճակում են հերոսները։ Եվ իհարկե վերջում գումարվեց լուսանկարների մտահաղացումը, որոնք արվեցին մոտավորապես այնպես, ինչպես պետք է խաղացվեր ներկայացումը։ Դա պարզապես ֆոտոշարք չէ․ այդ ողջ ընթացքը մենք խաղացել ենք՝ վայրկյան առ վայրկյան։

– Ի՞նչի մասին է պատմում պիեսը:

Արա Երնջակյանի պիեսն է, որը կոչվում է «Սոնատ թավջութակի համար»։ Շատ հետաքրքիր, խորը և ինտելեկտուալ պիես է։ Այնտեղ կտեսնեք շատ խելացի կնոջ ու տղամարդու, որոնք շատ վեհ, բարձր գաղափարական երևույթներից ու աշխարհընկալումներից են խոսում՝ Քրիստոսից, Հուդայից ու այն ամենից, ինչն աշխարհի ստեղծման առաջին իսկ օրվանից հետևել է մարդկանց։ Հանդիպումը տեղի է ունենում պատկերասրահում, նաև քննարկվում են տարբեր նկարիչներ և նրանց ստեղծագործական ուղղությունները։ Մի խոսքով, այս պիեսում շոշափվում է ամեն ինչ՝ արվեստ, հոգեբանություն, սեր, դավաճանություն։ Կտեսնեք մի շերտ, որը պարզ ու հասարակ չէ, այլ շատ ենթատեքստեր է իր մեջ պարունակում։

– Հատկապես ինչը՞ կգրավի մարդկանց դրանում:

Կարծում եմ` մարդկանց կգրավի հենց այդ ինտելեկտուալ զրույցը, որը մեր օրերում շատ է բոլորիս պակասում։ Գուցե որոշ տեղերում ինչ-որ բաներ հասկանալի չլինեն, ինչպես շատ խորիմաստ գրքերում, բայց Սենիկի ու ինձ համար շատ հետաքրքիր էր։ Մենք մուտք գործեցինք մի նոր աշխարհ ու փորձեցինք հնարավորինս ստանալ լավագույն արդյունքը։ Մնում է հանձնել այս աշխատանքը հանդիսատեսի դատին ու տեսնել, թե ինչպես այն կընդունվի ու որքանով կտպավորվի, քանի որ սա աուդիոներկայացում է։ Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի և այս նոր միտքը, որ ծնվել է Արշոյի գլխում, բոլորին կգրավի։

– Այս ներկայացումն իր ձևաչափով առաջինն է, իսկ ի՞նչ նոր ձևաչափերով ներկայացումներ կլինեն Կամերային թատրոնում։

– Վերջերս Արշո Հարությունյանի ու Լուսինե Երնջակյանի հետ քննարկում էինք ու Արշալույսն առաջարկեց, որ եթե այս գործը ներկայացման վերածելու հնարավորություն ունենանք, ապա կարող ենք այն հենց մեր պատկերասրահում խաղալ։ Հանդիսատեսը հենց պատկերասրահում ներկա գտնվելով կկարողանա դիտել ներկայացումը։ Այս տենդենցը շատ երկրներում արդեն կա․ ներկայացումները բեմից իջնում են տարբեր տարածքներ։ Երբ մենք Գդանսկ էինք մեկնել, որպեսզի մասնակցեինք փառատոնի, դիտեցինք «Համլետը», որը խաղում էին եկեղեցում։ Դա մի փառահեղ մոտեցում էր այդ ներկայացմանը իսկ դերասանական խաղն ու եկեղեցում ներկայացումը բեմադրելու գաղափարն իրոք հանճարեղ էին։ Հանդիսատեսը կարողանում էր տեղաշարժվել ու ընտրել, թե որ տեսարանն է այդ պահին ուզում տեսնել։ Մի խոսքով, այս նորամուծությունը շատ արագ կերպով զարգանում է ու կարծում եմ, որ շատ հետաքրքիր կլինի, եթե մենք էլ կարողանանք այդ տեսակի մեջ մի ներկայացում խաղալ։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան