Վախթանգ Անանյանը հուլիսի 26-ին կդառնար 115 տարեկան

«Ավարտվեց իմ ուսման ժամանակաշրջանը։ Դրանից հետո իսկական դպրոց այլևս չեմ տեսել։ Իմ դպրոցը եղել է մայր բնությունը, որի գրկում ես մեծացել եմ»,- ասել է Վախթանգ Անանյանը, ով հուլիսի 26-ին կդառնար 115 տարեկան։
Ինչպես մեր գրողներից շատերի, այնպես էլ նրա համար նյութական սուղ պայմանները խոչընդոտ են եղել լիարժեք ուսում ստանալու, սակայն ի բնե օժտված միտքը իր պտուղները կյանքից քաղելու ձևն ու միջոցը միշտ էլ գտնում է, և Անանյանը դառնում է ամենաբեղմնավոր ու սիրված հայ գրողներից մեկը, ում երկերը հաճույքով են ընթերցում նաև ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, չինարեն, ճապոներեն, չեխերեն, բուլղարերեն, բենգալերեն, հինդի և այլ լեզուներով։

Վ. Անանյանը հայ գրականության մեջ լինելով արկածային ժանրի հիմնադիրը, ստեղծեց հայ արձակի մնացուն արժեքներ։ «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» վեպերում բնանկարիչ գրողը ընթերցողի առջև բացում է մի նոր կախարդանքների աշխարհ, հրաշքների մի նոր գանձարան, որով գերում է մանուկ ու մեծ ընթերցողին։ Այս ստեղծագործությունները մեծ ճանաչում բերեցին հեղինակին։
Մեր գրականության մեջ այսօր Վ. Անանյան անունը դրվում է ամենաժողովրդական գրողների շարքում։ Գրական վիճակագրական տվյալներով հայ գրողների մեջ իր երկերի թարգմանությամբ նա գրավում է առաջին տեղերից մեկը։

«Անանյանը մի գրող է, որ երեխաներին տոգորում է ազնվության, բարության, գեղեցիկի հանդեպ մեծ սիրո զգացմունքներով։ Իսկ մեծերին վերադարձնում է իրենց մանկության հովիտները՝ մանկության գույները վերստին զգալու, բնության թրթիռներով ապրելու համար»,- այսպես է բնութագրել գերմանացի գրող Հարի Ազեմիսը հայ գրող Վախթանգ Անանյանին: