Ռուս պրանկերների հերթական զոհը. նրանք Գրետա Թունբերգի անունից զանգահարել են Մոնիկա Լևինսկուն

Ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս) համացանցում հրապարակել են իրենց զրույցը Սպիտակ տան նախկին աշխատակցուհի Մոնիկա Լևինսկու հետ։

Հրապարակված ձայնագրության մեջ Լևինսկին շփվում է մի աղջկա հետ, որը ներկայացել է որպես շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգ: Զրույցի ժամանակ Սպիտակ տան նախկին աշխատակցուհի, նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ սիրային կապի շնորհիվ հայտնի դարձած Լևինսկին հայտարարել է, որ Գրետայի հետ իրենք ընդհանուր շատ բան ունեն, քանի որ երկուսն էլ հանրային հետապնդման են ենթարկվել, ինչը կարողացել են հաղթահարել հարազատների շնորհիվ:

Իր հերթին, «Գրետա Թունբերգը» պատմել է Լևինսկուն անցյալ տարի Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ իբր տեղի ունեցած միջադեպի մասին: Նրա խոսքով՝ ամերիկացի առաջնորդը մոտեցել է իրեն ու ասել, որ նա պետք է «անհապաղ չքվի այստեղից, եթե չի ցանկանում ավարտել ինչպես Մոնիկա Լևինսկին»:

Սպիտակ տան նախկին աշխատակցուհուն այս պատմությունը ցնցել է, և նա ասել է, որ այս տեղեկությունը հանրայնացնելու համար պետք է սպասել հարմար առիթի:

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ սկանդալային սիրավեպի պատճառով ամբողջ աշխարհում հայտնի դարձած Մոնիկա Լևինսկին 2018 թվականին տված հարցազրույցում ուշագրավ մանրամասներ է ներկայացրել 20-րդ դարի ամենաաղմկահարույց սեքս սկանդալներից մեկի վերաբերյալ:

Ամեն ինչ տեղի է ունեցել 1995թ. նոյեմբերի 14-ին, երբ Սպիտակ տան երիտասարդ աշխատակցուհի Լևինսկուն կանչել են հեռախոսազանգերի հարցում օգնելու համար:

«Հանկարծ նկատեցի, որ վարտիքս երևում է, ու Քլինթոնն այդ պահին սենյակում էր՝ կողքիս: Հագուստս չուղղեցի, թողեցի, որ այն երևա: Որոշ ժամանակ անց, երբ անցնում էի նրա աշխատասենյակի կողքով, Քլինթոնը նայեց ինձ ու ժպտաց՝ հրավիրելով ինձ իր սենյակ»,- վերհիշել է կինը:

Քլինթոնն ու Լևինսկին շաբաթական մեկ անգամ գաղտնի հանդիպումներ են ունեցել, և դա շարունակվել է երկու տարի: