Միխայիլ Գալուստյանի ևս մեկ ընկերություն սնանկ է ճանաչվել

Ռուսաստանաբնակ հայ շոումեն Միխայիլ Գալուստյանի հերթական ընկերությունն իրեն սնանկ է ճանաչել։ «Վազեռլայֆ» ընկերությունը զբաղվում էր բջջային սարքերի համար հավելվածների ստեղծմամբ և մշակմամբ, այն մեկ տարուց ավելի է, ինչ ակտիվ գործունեություն էր ծավալում։ Այս մասին հաղորդում է РИА ФАН-ը:

Գործակալության տեղեկատվության համաձայն՝ ընկերության լուծարման գործընթացը սկսվել է դեռևս գարնանը և ավարտվել այս տարվա ամռան կեսին: Դատական որոշումների համաձայն՝ ձեռնարկությունից բռնագանձել են պարտքեր և հարկեր։ Նշվում է, որ դրանց չափը մեծ չէ, քանի որ իրավաբանական անձով որևէ գույք չի ամրագրվել:

Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ սննկացել է Գալուստյանի մեկ այլ ընկերություն՝ «Լավագույն ֆիլմ կատակերգություն» ՍՊԸ-ն։ Իսկ մինչ այդ փակվել էր «Էյս Գեյմինգ» ընկերությունը, որը շոումենը բացել էր ՈՒՀԱ-ի և Comedy Club-ի գործընկերների հետ համատեղ։