Անի Խաչիկյանը` լեռնագնացության, թատրոնի, սիրելի կոլեգաների ու սպասվող ծրագրերի մասին – Showbiz.am

Անի Խաչիկյանը` լեռնագնացության, թատրոնի, սիրելի կոլեգաների ու սպասվող ծրագրերի մասին

Անի Խաչիկյանն, ինչպես շատ դերասաններ, այս ամիսների ընթացքում ստիպված է հեռու մնալ սիրելի բեմից, հանդիսատեսից ու չմասնակցել նկարահանումների: Բայց դերասանուհին գտել է այս ընթացքը հետաքրքիր անցկացնելու տարբերակ: Showbiz.am-ի հետ զրույցի ընթացքում Անին պատմել է որդու հետ առօրյայի, լեռնագնացությամբ զբաղվելու, «Հարս չկա» սիթքոմի ու սպասվող ծրագրերի մասին:

Խոսելով իր կարանտինային առօրյայի մասին, Անին պատմում է. «Մեծ հաշվով առօրյաս շատ չի փոխվել, որովհետև այն երբեք էլ կապված չի եղել քաղաքային տեմպոռիթմի հետ` բացառությամբ այն շրջանների, երբ զբաղվածություն եմ ունեցել որևէ նախագծում: Այս ընթացքում էլ շարունակել եմ օրվաս մեծ մասն ընտանիքիս ու երեխայիս նվիրել, արշավների մասնակցել: Բնականաբար, որոշ բաներ կյանքումս փոխվել են, բայց շատ ադեկվատ ու ճկուն եմ վերաբերվում այդ ամենին: Անկախ նրանից, թե որքան կտևի այս իրավիճակը, պետք է գիտակցել, որ սա պարզապես անցողիկ էտապ է ու որ այս ընթացքում մեր կյանքի բովանդակությունն ու ձևն այսպիսին է»:

«Ստեղծագործական տեսանկյունից կարող եմ ասել, որ արդեն երկար ժամանակ է, ինչ մշակութային գործիչները, այդ թվում և ես, շատ ենք տուժել այս սահմանափակումների պատճառով: Թատրոնն այս ընթացքում բացակայում է իմ կյանքից, ու դա իսկապես շատ մեծ բաց է: Բայց մտքի տեսանկյունից` այս ճգնաժամային փուլը, յուրաքանչյուր ստեղծագործող մարդու մտքի համար նոր խթան է: Չեմ ասի, որ նոր բաներ հասցրել եմ անել, բայց մտքերը շատ են ու շատ ավելի ստեղծագործ ու հեռանկարային: Հուսով եմ, որ մոտ ապագայում այդ մտքերիս արդյունքները կկարողանամ տեսնել»,- ասում է Անին:

Գաղտնիք չէ, որ սիրված դերասանուհին լեռնագնացության մեծ սիրահար է: Այս ամիսների ընթացքում Անին շարունակել է զբաղվել սիրելի հոբբիով ու անգամ որդուն` Տեսլային է իր հետ տարել. «Արշավների սկսել եմ մասնակցել 18-19 տարեկան հասակից, բայց բնությանը միշտ եմ մոտ եղել: Մինչ այդ էլ հաճախ էին ծնողներս ինձ տանում քաղաքից դուրս հանգստանալու կամ ուղղակի բնությունը վայելելու: Իսկ հենց արշավային եզրույթը արդեն հետո ձևավորվեց: Բնության մեջ մարդը շատ ավելի մոտ է ինքն իրեն ու այն քաղաքակրթությունը, որը դարեր ու հազարամյակներ շարունակ մենք ստեղծել ենք, այսօր մեզ դուրս է գցել բնության իրական շղթայից: Չգիտեմ՝ կորոնավիրուսը ինչի հետևանք է` արհեստածին է, մարդկային սխալների հետևանք է, թե մտածված քայլ, բայց այնուամենայնիվ այս համավարակը եկավ մեզ շատ բաներ հասկացնալու, կյանքը վերաարժևորելու ու հիշելու, որ մենք բոլորս կախված ենք օդից, ջրից, հողից ու կրակից: Այս տարրերից որևէ մեկի բացակայությունը մեր կյանքն ուղղակի կդադարեցնի: Շատ կարևոր է, որ ապրելով մեր առօրյայով, կենցաղով, գործունեությամբ ու քաղաքային տեմպոռիթմով, չմոռոնանք, որ այս մոլորակը մեզ կյանք է տալիս իր օրենքներով: Իսկ երբ մենք հրաժարվում ենք այդ օրենքներով ապրել, մեզ դրանցից վեր ենք դասում ու համարում ենք գերբանական էակ, ինչ-որ մի պահ մոլորակը դադարում է մատակարարել մեզ այդ կյանքը»:

Խոսելով ապագայում սպասվելիք ստեղծագործական նորությունների մասին՝ դերասանուհին նշում է. «Այս պահին դեռ դադարեցված է բոլոր թատրոնների գործունեությունը, բայց աշխատանքները վերսկսելուն պես ունեմ  զբաղվածություն ներկայացման մեջ: Խաղում եմ Նիկոլայ Ծատուրյանի «Թռիչք» ներկայացման մեջ` Գյումրու պետական դրամատիկական թատրոնում: Այս շրջանում շատ չէ, բայց նկարահանվում են նաև ֆիլմեր և ես միայն ուրախ կլինեմ, եթե դրանցից մեկում ներգրավվածություն ունենամ: Ինչ վերաբերում է հեռուստատեսային նախագծերին` առաջիկայում սպասվում է «Հարս չկա» սիթքոմի երկրորդ եթերաշրջանը: Նախնական որոշում կա, որ երկրորդ եթերաշրջանը աշնանը պետք է վերսկսվի, բայց ավելի հստակ մեր պրոդյուսերը` Արմեն Պետրոսյանը կարող է ասել: Հուսանք, որ ոչ մի խոչընդոտ չի առաջանա»:

«Հարս Չկա» սիթքոմի հրապարակում աշխատում են հայտնի ու երիտասարդ դերասաններ, որոնց հետ Անին շատ ջերմ հարաբերությունների մեջ է. «Դերասանների մեծ մասի հետ մինչ սիթքոմը չէի առընչվել նկարահանման հրապարակում: Աղասի, Բենի, Գոռի, Էլենի հետ հեռակա կարգով էի ծանոթ, բայց միասին չէինք աշխատել: Իսկապես շատ հաճելի ծանոթություն էր` թե՛ մարդկային, թե՛ ստեղծագործական տեսանկյունից: Ես իմ բոլոր կոլեգաների հետ ունեմ ջերմ հարաբերություններ ու բոլորին շատ եմ սիրում: Այսքան տարիների ընթացքում շատերի հետ եմ աշխատել, բայց ոչ մեկի հետ չունեմ բացասական փոխհարաբերություններ: Բայց նկարահանման հրապարակից շատ քչերի հետ եմ կյանքում նույնպես շարունակում ընկերություն անել, այս տարիների ընթացքում դերասաններից հաշված մարդիկ են, որ դարձել են ընկերներս»:

Հեղինակ` Դիանա Զաքարյան

 

 

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Տետ-ա-տետ». Ֆիլհարմոնիկի երաժիշտները, Անուշ Նիկողոսյանը, «Երևան» քառյակն ու հանդիսատեսը մեկ բեմում

 Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները, մենակատար Անուշ Նիկողոսյանը, «Երևան» լարային քառյակը հանդես կգան «Տետ-ա-տետ» յուրահատուկ համերգով՝ հանդիսատեսին հնարավորություն տալով...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Մաշտոցյան մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը

Մաշտոցյան մատենադարանում մարտի 3-ին կբացվի «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնից տեղափոխված արցախյան ձեռագրերի ցուցահանդես, որտեղ ներկայացվելու են Արցախի գրչության կենտրոնները՝ Ամարասը,...
Ավելին