Վիկտորյա Սահակյանը՝ պրոդյուսերական աշխատանքի, Իննա Խոջամիրյանի հետ համագործակցության և ծնողների ու «լավ» տղաների վերաբերմունքի մասին

Թատրոնի և կինոյի դերասանուհի Վիկտորյա Սահակյանն այս շրջանում աշխատանքային հետաքրքիր նորություններ ունի։ Դերասանուհին շուտով ներկայանալու է նաև իր համար նոր մասնագիտությամբ։
Առաջիկա նորությունների, «Insomnia» ապրանքանիշի հետ համագործակցության և այլ հետաքրքիր թեմաների մասին Վիկտորյան զրուցել է ShowBiz.am կայքի հետ։

-Ներկայում ի՞նչ զբաղվածություն ունեք, ինչպե՞ս եք տնօրինում ձեր ժամանակն ու կազմակերպում ձեր առօրյան։

-Ունեմ նոր, ոչ կոմերցիոն նախագիծ, որում հանդես կգամ որպես պրոդյուսեր։ Անպայման պետք է նշեմ, որ բավականին հաճելի զբաղմունք է։ Դեռևս չեմ կարող մանրամասներ տրամադրել, բայց վստահեցնում եմ, որ շատ հավես, երիտասարդական նախագիծ է, ինչի համար, իրոք, շատ ուրախ եմ։ Շատ սիրով համագործակցում եմ կոլեգաներիս հետ, կարողանում ենք արդյունավետ կազմակերպել մեր աշխատանքը։

Բացի վերոնշյալ զբաղվածությունը՝ մենք նաև շարունակում ենք մեր գործունեությունը թատրոնում։ Անում ենք փոքրիկ նախագծեր, որոնք նախատեսված են մեր ինստագրամյան էջի համար։ Այդպիսով՝ փորձում ենք այնպես անել, որ մեր հանդիսատեսը մի փոքր իր կարոտն առնի։ Չնայած այդ ամենը փոխադարձ է, քանի որ մենք ևս շատ ենք կարոտել մեր հանդիսատեսին։ Ու սրա միջոցով փորձում ենք գոնե որոշ չափով կապը պահել նրանց հետ։ Սրա հետ մեկտեղ պետք է նշեմ, որ գրեթե ժամանակ չի մնում ամառը վայելելու համար։

-Վերջերս կրկին համագործակցել եք Իննա Խոջամիրյանի ապրանքանիշի հետ ինչպե՞ս ստացվեց համագործակցությունը և ինչպե՞ս են ընթացել նկարահանումները։

-Այո, վերջերս նորից համագործակցեցի Իննա Խոջամիրյանի հետ։ Ինչպես առաջինի դեպքում, այնպես էլ այս անգամ շատ պրոֆեսիոնալ մթնոլորտ էր տիրում։ Շատ հավեսով աշխատել ենք ու քանի որ նկարահանումներն իրականացնում էինք Սևանում, հնարավորություն ունեցանք վայելելու այդ գեղեցկությունը։ Ի դեպ, բացահայտել ենք նոր ափ, որտեղ շատ գեղեցիկ լուսանկարներ ենք ստացել։ Առաջարկը կրկին ստացել եմ Իննայից ու սիրով համաձայնվել եմ, քանի որ շատ հավանում եմ  «Insomnia» ապրանքանիշը։

-Մեր նախորդ հարցազրույցում նշել էիք, որ ներքնազգեստի գովազդում նկարահանվելուց հետո քիչ չեն եղել քննադատությունները, հետաքրքիր է՝ այդքանից հետո հե՞շտ էր կրկին համարձակություն հավաքելն ու նույն ճանապարհով անցնելը։

-Իրականում համարձակություն հավաքելու կարիք չկա, որովհետև ես միայն լսում, ընդունում և հաշվի եմ առնում առողջ քննադատությունը։ Իսկ այն մարդկանց կարծիքները, ովքեր ավելի սահմանափակ մտածելակերպ ունեն, ուղղակի անտեսում եմ։ Իրականում այդ մարդիկ քննադատում են ամեն ինչ, նրանք չեն էլ կարողանում հիմնավորել իրենց կարծիքը։ Ու իմ փորձից կարող եմ ասել, որ հաճախ քննադատում են այն մարդիկ, ովքեր կուզեին լինել իմ փոխարեն։

Ինքս շատ հանգիստ եմ նայում ամեն ինչին, և շատ ազատ ու բաց եմ իմ մտածելակերպով։ Ես՝ ինքս, երբեք չեմ խոչընդոտել կամ չեմ քննադատել դիմացինին ու նույնն էլ ակնկալում եմ իրենցից, բայց շատ հաճախ դա չեմ ստանում։

-Ծնողներն ու առհասրակ շրջապատը նորմա՞լ են ընդունում ձեր այդչափ համարձակ քայլը։ Եթե ծնողներն արգելեն, կլսե՞ք նրանց։

-Ասեմ, որ ծնողներս ինձ շատ լավ ճանաչում և մաքսիմալ վստահում են, հետևաբար բացարձակ խնդիր չունեմ այդ առումով։ Նրանք ամեն բան շատ նորմալ և ադեկվատ են ընդունում։ Նրանք մշտապես էլ հայտնում են իրենց կարծիքը, որը կարող է շատ պրոֆեսիոնալ և արդարացված քննադատություն լինել։ Մենք օրինակ՝ կարող ենք քննարկել լուսանկարը՝ որպես աշխատանքային նյութ։
Եվ նույնը կարող եմ ասել շրջապատիս մասին․ նրանք ինձ ճանաչում են, գիտեն, այնպես որ մենք կարող ենք հանգիստ նստել ու քննարկել՝ որն է սխալ կամ որը ճիշտ, ինչն է լավ ստացվել, ինչն այն չէ, բայց երբեք չեն ասի, թե ինչու եմ ես դրանով զբաղվում։

-Հայ տղաներից քչերն են, որ նորմալ են վերաբերվում ազատ և համարձակ աղջիկներին, չեք վախենու՞մ հետագայում նմանատիպ խնդրի բախվելուց։

-Ես այդ խնդրին բախվում եմ, երևի թե, ամեն օր։ Ես, պարզապես, կարող եմ թատրոնից վերադառնալ տուն ու ճանապարհին հանդիպել այդպիսի «հայ» տղաների, ովքեր կրում են ինչ-որ կարծրատիպեր ու տարբեր ռեակցիաներ են բաց թողնում։ Այդ երևույթը արդեն իսկ կա իմ կյանքում, և ես իրոք ցավում եմ դրա համար։

-«Երկուսով»-ը արդեն բավականին ժամանակ է, ինչ բացակայում է եթերից, արդեն հասցրե՞լ եք կարոտել ձեր հերոսուհուն, ե՞րբ կվերադառնաք նկարահանման հրապարակ։

-Այս պահին ինֆորմացիա չունեմ, թե երբ կվերադառնանք նկարահանման հրապարակ։ Բայց շատ կարոտել եմ «Երկուսով»-ի անձնակազմին՝ Եվային (իր հերոսուհուն), բոլոր դերասաններին, նկարահանող խմբին, բոլոր-բոլորին կարոտել եմ։ Անկեղծ եմ ասում, քանի որ բոլորին էլ հասցրել եմ սիրել, շատերի հետ էլ՝ ընկերանալ։

-Ամառն ընդունված է համարել հանգստի սեզոն, ինչպիսի՞ հանգիստն եք գերադասում և ի՞նչ պլաններ ունեք ամառվա հետ կապված։

-Չնայած որ ամառվա մեծ մասն արդեն անցյալում է, բայց դեռ հույս ունեմ, որ գուցե օգոստոսի մեջ կբացվեն սահմաններն ու հնարավոր կլինի գոնե մեկնել Վրաստան հանգստանալու, որովհետև անչափ սիրում եմ Թբիլիսին։ Թեկուզ այցելեմ մյուս քաղաքները կամ գնամ ծով։ Սիրում եմ և՛ ակտիվ, և՛ պասիվ հանգիստը, միայն թե հանգստանամ, որովհետև տարվա ընթացքում շատ-շատ եմ հոգնում թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։ Միայն թե այս ամառ ամեն բան այլ ստացվեց, բայց չեմ ընկճվում և կոչ եմ անում մյուսներին ևս չընկճվել, քանի որ սա ժամանակավոր է, և հույս ունենք, որ ամեն բան շուտով լավ կլինի։

Հեղինակ՝ Լուս Ավագյան