«Պետք է իմանալ չափն ու չմոռանալ անհատականության մասին». Միլենա Վարդանյան

Միլենա Վարդանյանն այժմ նկարահանվում է «Հորանց տունը» (La Casa De Papa) հումորային վեբ սերիալում, որի սցենարի հեղինակն Արմեն Վարդանյանն է, ռեժիսորը՝ Դավիթ Զոհրաբյանը: Դերասանուհին Showbiz.am կայքի հետ զրույցում պատմել է սերիալի, իր դերի, Հայաստանից հեռանալու և մի շարք այլ հետաքրքիր նորությունների մասին:

«Սա հումորային վեբ սերիալ է, որն այժմ հեռարձակվում է յութուբյան «Դեպուտատի շոու» ալիքով: Սերիալը պատմում է 3 եղբայրների մասին, ովքեր տարբեր երկրներից ժամանել են Հայաստան` նշելու հոր ծննդյան տոնը, սակայն ինչ-ինչ հանգամանքների պատճառով նրանք ստիպված մնում են Հայաստանում: Հենց այստեղից էլ սկսվում է  ողջ պատմությունը, որը դուք կտեսնեք հաջորդ սերիաներում»,- պատմում է Միլենան, ով սերիալում մարմնավորում է ազգությամբ ռուս Նատաշա Գագարինային, ով իր ընկերոջ հետ Մոսկվայից եկել է Երևան:

«Ինձ զանգահարեց Անդրանիկ Հարությունյանն ու ասաց, որ իրենց նոր նախագծի համար փնտրում են ռուսերենին լավ տիրապետող դերասանուհու և կցանկանային, որպեսզի ես փորձեի այդ դերը: Ես մեծ հաճույքով համաձայնվեցի»,- պատմում է Միլենան: :

Շատ հեռուստադիտողներ, նայելով Միլենայի արտաքինին, կարծում են, որ նա   այլազգի է: Պատասխանելով այն հարցին` դիմել է նա պլաստիկ կամ կոսմետիկ միջամտության, Միլենան պատասխանում է․
«Այդ դերի համար իմ արտաքինը փոփոխել են, ինչպես տեսնում եք, ես նախագծում հանդես եմ գալիս բաց գույնի վարսերով ու աչքերով, քանի որ իմ հերոսուհին ռուս է:
Ես երբեք ոչ մի պլաստիկ վիրահատության կամ արտաքինը փոփոխող կոսմետիկ միջամտության  չեմ դիմել: Ես չեմ քննադատում այն մարդկանց, ովքեր դիմում են նման միջամտությունների, եթե դրա կարիքը կա, եթե դա կերջանակցնի մարդուն: Բայց պետք է իմանալ չափն ու չմոռանալ անհատականության մասին»:

Առհասարակ նախագծերում նկարահանվելու առաջարկ ստանալիս դերասանուհին առաջնահերթ ուշադրություն է դարձնում  երկու պայմանի. «Առաջին հերթին ինձ համար կարևոր է սցենարը և իմ դերը: Այն պետք է  ինձ հետաքրքրի, գրավի: Հենց սրանով եմ ես ղեկավարվում, երբ ընտրում եմ` որ նախագծում պետք է նկարահանվեմ»:

Խոստովանելով, թե ինչպիսի նախագծում, ֆիլմում կամ սերիալում նա կցանկանար նկարահանվել` Միլենան ասում է.  «Կցանակնայի խաղալ պատմական ֆիլմում, կարծում եմ, որ ապագայում դա տեղի կունենա»:

Դերասանուհի Միլենա Վարդանյանը ծնվել է Երևանում, հետո ընտանիքով տեղափոխվել են Մոլդովա, որտեղ էլ ավարտել է դպրոցը: Երբ Մոլդովայից տեղափոխվեցին Մոսկվա, Միլենան ընդունվեց Օստանկինոյի հեռուստահաղորդավարության դպրոց, որից հետո երաժշտական հեռուստաալինքերից մեկում աշխատել է որպես հաղորդավարուհի: Աշխատելու տարիներին դերասանուհին հասկացել է`հաղորդավարի աշխատանքը իրենը չէ և մեկնել է Իտալիա, որտեղ էլ համալսարանում մոդելավորում է սովորել: Մեկ տարի սովորելուց հետո վերադարձել է Մոսկվա, որտեղ ներկայացրել է հագուստի իր հավաքածուն: Հասկանալով, որ այս ճանապարհը իրենը չէ՝ կրկին վերադարձել է Իտալիա, որտեղ էլ ստացել է դերասանի կրթություն: Խաղացել է բազում ներկայացումներում, ֆիլմերում, ապա այս ամենը թողնելով՝ վերադարձել է Երևան:

«Այս մասնագիտություններից յուրաքանչյուրն ինձ տվել է անմոռանալի փորձ»,-ասում է Միլենան և հավելում,- « Հիմա ես այլևս չեմ զբաղվում դիզայնով, բայց հնարավոր է  ապագյում վերադառնամ դրան: Դերասանի մասնագիտությունը մանկության երազանք էր. ես ժամանակի ընթացքում հասկացա, որ դա իմն է, և դա այն է, ինչն ինձ իրականում ոգեշնչում է»:

Գեղեցկուհին նաև անկեղծանում է` ասելով` արդյոք կմնա Հայաստանում, թե այստեղ է կարճ ժամանակով:
«Ես սիրում եմ իմ հայրենիքը՝ Հայաստանը: Այո, մենք հեռացել ենք ողջ ընտանքիով, երբ ես դեռ փոքր էի, բայց ես միշտ ցանկանում էի վերադառնալ ու ապրել այստեղ: Ես երբեք չեմ փորձում գուշակել, կյանքը ցույց կտա՝ կմնամ ես այստեղ, թե կհեռանամ, չեմ բացառում այս տարբերակներից ոչ մեկը»:

Եզրափակելով իր խոսքը` Միլենա Վարդանյանը պատմում է, թե առաջնահերթ ինչով է զբաղվելու կարանտինային ռեժիմի ավարտից հետո:
«Ես, ինչպես բոլորը, անհամբերությամբ սպասում եմ, թե երբ կանցնի այս վիրուսը, և մենք բոլորս կապրենք այնպես, ինչպես առաջ: Առաջինը, ինչ ես կանեմ կարանտինի ավարտից հետո, կմեկնեմ Իտալիա` տեսնելու ընկերներիս և, իհարկե, ծովը»:

Հեղինակ` Տաթևեր Լազարյան