Independent պարբերականն անդրադարձել է Կոմիտասի «Սուրբ Պատարագի» համերգային ամբողջական տարբերակի ձայնասկավառակի թողարկմանը

Բրիտանական հեղինակավոր Independent պարբերականն իր «Classical reviews» բաժնում անդրադարձել է Լատվիայում ՀՀ դեսպանության կողմից նախաձեռնված և իրականացված Կոմիտասի «Սուրբ Պատարագի» համերգային ամբողջական տարբերակի ձայնասկավառակի թողարկմանը՝ տալով ամենաբարձր՝ 5 աստղ գնահատականը։

The Independent-ը հատված է ներկայացրել Կոմիտասի անցած ողբերգական ճանապարհի, նվաճումների մասին և ընդգծել, որ Լատվիայի Ռադիո երգչախումբի այս ձայնագրությունը նոր վերամշակված ձայների խառնուրդ է, որն ունի հրաշալի գրացիա և համեմված է ժողովրդական երաժշտական արձագանքներով, որոնցից Կոմիտասը ոգեշնչվել էր: Ձայնասկավառակի թողարկումը եզակի է այն առումով, որ առաջին անգամ խառը օտարազգի ներկայացուցիչներից բաղկացած խումբը, Լատվիայի ռադիոյի երգչախումբը, կատարել, իսկ հետո նաև ձայնագրել է Կոմիտասի «Պատարագի» համերգային ամբողջական տարբերակը։
Նախագծի նախապատրաստական աշխատանքները տևել են շուրջ երեք տարի, որի ընթացքում Լատվիայի ռադիոյի երգչախումբը 2017 և 2018 թվականներին Լատվիայում ՀՀ դեսպանության կազմակերպած համերգներին կատարել է հատվածներ Կոմիտասի ստեղծագործություններից։