Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ում արգելափակելու է TikTok-ը, եթե դրա ստեղծողները սոցիալական ցանցը մինչև սեպտեմբերի 15-ը չվաճառեն ամերիկյան ընկերությանը

Չինական TikTok հավելվածը ԱՄՆ-ում կարգելափակվի, եթե հավելվածի ստեղծողները այն չվաճառեն ամերիկյան ընկերություններից մեկին մինչև սեպտեմբերի 15-ը: Այս մասին հայտարարել է Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը:

«Հավելվածն արգելվելու է մինչև սեպտեմբերի 15-ը, քանի դեռ «Մայքրոսոֆթ»-ը կամ որևէ այլ ընկերություն ի վիճակի չէ այն գնել և գործարք կնքել, այնպիսի գործարք, որն ԱՄՆ-ին մեծ գումարներ կբերի»,- լրագրողներին ասել է Թրամփը: Ըստ լուրերի, նախագահն այդպիսի որոշում է կայացրել Չինաստանի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին ու վստահ է, որ TikTok-ը Չինաստանին տվյալներ է փոխանցում ամերիկացի օգտատերերի մասին: TikTok-ի ներկայացուցիչներն, իրենց հերթին, պնդում են, որ իրենք երբեք տեղեկատվություն չեն փոխանցել Չինաստանի իշխանություններին և մտադիր չեն դա անել: