Դավիթ Գրիգորյանը` իր 29-ամյակի և երկվորյակ դուստրերի հետ կարանտինային առօրյայի մասին

Հաղորդավար, լրագրող և իր համար դերասանությունը ստեղծագործական հոբբի անվանող Դավիթ Գրիգորյանը, ով այժմ  ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղարն է, Showbiz.am կայքի հետ զրույցում կիսվեց, թե ինչպես է անցնում երկվորյակ դուստրերի հետ կարանտինային առօրյան և ինչպես նշեց իր 29-ամյակը՝ ինքնամեկուսացման պայմաններում:

 Ի՞նչ է փոխվել ձեր կյանքում արտակարգ դրություն հայտարարելուց ի վեր, «կարանտինի շրջանում»։

Մեծ հաշվով՝ ոչինչ։ Ես աշխատել եմ անդադար, նույնիսկ առանց հանգստյան օրերի, որովհետև դեռ նախորդ տարի, երբ ինձ հրավիրեցին մասնակցել բնապահպանական մի հեռուստածրագրի պատրաստման աշխատանքներին, աշխատանքային գործունեության ընթացքում ես սիրահարվեցի բնապահպանական ոլորտին։ Ու սկսվեց…
Ամեն բան այնքան խորացավ, որ ես որոշեցի թողնել հանրային գործունեությունս, նկարահանումներն ու ֆիլմերը և անցա կանաչ գործունեության դաշտ։

Այս ողջ ընթացքում ես շաբաթվա մի մասն անց եմ կացրել քաղաքում, մյուսը՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում։ Իմ կարանտինն ավելի շատ բաց էր, քան սահմանափակ՝ չնայած որ այդ ընթացքում, ելնելով զբաղեցրածս պաշտոնից ու կատարածս աշխատանքից, պահպանել եմ բոլոր կանոններն ու եղել դրանց պահպանության ջատագովը։

Կարանտինի ընթացքում հասցրել եմ տասնյակին մոտ ծառ տնկել, աղջիկներիս սովորեցնել խնամել այգին, նրանց ավելի շատ մոտեցնել բնությանն ու հոգատարություն դաստիարակել։

Ինչպե՞ս է անցնում ինքնամեկուսացումը երկվորյակ դուստրերի հետ։

Դստրիկներս աներևակայելի տարբեր են։ Եվ ես ուրախ եմ, որ այդպես է։ Մենք հիմա այն շրջանում ենք, որ ամեն ինչ կամաց-կամաց ավելի շատ ենք հասկանում, կոտրատված բառեր ենք արտաբերում, նկարել ենք սովորում, երգել, պարել, միասին՝ ավելի գիտակից աշխարհ ենք բացահայտում։ Այս առումով տանը մնալը մեզ շատ չի վնասում։ Վնասվում է միայն բնակարանը (և սա նշում եմ բարձր ծիծաղով)։ Այս ընթացքում մեր բնակարանի ներսի հիմնական դռներին ավելացել են ևս մի քանի հավելյալ՝ «անվտանգության դռներ», որ աղջիկներս տակնուվրա չանեն եղածը։ Վրա է գալիս պատերը մատիտներով ներկելու ու հոսանքի լարերը պոկելու շրջանը։ Մեր կարանտինն ուրիշ համ ունի։ Մենք բալիկների հետ կրկին սովորեցինք մուլտֆիլմեր նայել, վերհիշեցինք մեր մանկության մուլտերը, որոնց երգերն անգիր գիտեինք։ Հիմա էլ աղջիկներս՝ ծնողների երաժշտական գեներն են ժառանգել ու ամեն լսած նոտան արտատպում են նույնությամբ։ Դժգոհ եմ՝ չէի ասի։ Ես նրանց եմ ավելի լավ ճանաչում, իրենք՝ ինձ։

Ի՞նչ ծրագրեր կային, որոնք հետաձգվեցին կարանտինի պատճառով

Որևէ նախապես պլանավորած բան չի հետաձգվել… դե, համարյա չի հետաձգվել։ Տարեսկզբին ընտանիքիս հետ պետք է մեկնեինք Իտալիա՝ հանգստի։ Առաջին տոմսերը հենց այդ ժամանակ հետ վերադարձրեցինք։ Իսկ մայիսին ընկերոջս հարսանիքն էր, որ պիտի կայանար Մոնակոյում։ Սակայն թագավարակը հետաձգեց տոնն, ու մենք հիմա սպասում ենք լավագույն ժամանակներին։ Ասել կուզեմ՝ միմիայն արտերկրի հետ կապված պլաններն էին, որ այլևս իրագործելի չեն այս փուլում։

Հեռուստատեսային գործունեության մասին. ե՞րբ կվերադառնա՞ք էկրաններին։

Քանի դեռ, իմ աշխատանքը պետական համակարգում է, էկրաններին կարող եմ երևալ միմիայն մասնագիտական՝ լրատվական դաշտում։ Սա է իմ կյանքի այս փուլի ընտրությունը։ Քանի դեռ ունակություններս բավարարում են, պիտի փորձեմ մեր հայրենակիցներին փոխանցել բնության պահպանությանն ու պաշտպանությանը նպաստող հաղորդագրությունները։ Գուցե մոտ ապագայում ներկայանանք բնապահպանական անսպասելի հեռուստանախագծով, որը հաճելիորեն կզարմացնի հեռուստադիտողին։ Ուզում եմ վստահ լինել, որ պոպուլյար արվեստը նույնպես այն հարթակն է, որի միջոցով մարդուն ու բնությանը հնարավոր կդառնա է՛լ ավելի սերտացնել։
Հեռուստատեսային գործունեության մասով այսքանը՝ այս պահին։
Բայց ինձ էկրանից հեռացած համարել չեմ ուզում, որովհետև էկրանի հետ կապված է իմ կյանքի զգալի մասը՝ լրատվականից մինչև ստեղծագործական։
Հոբբիիս՝ խաղարկային ժանրի համար հիմա ժամանակս բավարար չէ, բայց իրական մասնագիտությանս համար՝ լրատվական/տեղեկատվական դաշտում ծավալվելու, ճի՛շտ ժամանակն է։


Ինչպես անցավ կարանտինային 29-ամյակը

Մոլորակի վրա գրանցվեց իմ գոյության 29-րդ տարին։ Ողջ օրն աշխատանքի եմ եղել։ Բոլորին նախապես խնդրել էի որևէ բան չպլանավորել։ Անարժեք մի գաղտնիք բացեմ.անակնկալներ ու նվերներ չեմ սիրում։ Ես դրանք ստանալիս ամաչում եմ, ինչն ինձ համար ավելի երևելի է, քան նվերով ուրախանալը։ Նույնը չեմ ասի նվեր տալիս։ Նվիրելիս ես ինձ անսահման երջանիկ եմ զգում։

Քանի որ իմ մեծ ընտանիքի միակ տղամարդն եմ, ընտանիքիս կանայք և աղջիկները տուրք չտվեցին խնդրանքներիս ու մայրս իր ֆանտաստիկ ուտեստները պատրաստեց։ Գինի ըմպեցինք, ավանդույթի համաձայն՝ հիշողություններով ընկանք, լիքը ծիծաղեցինք ու դուստրերիս անհասկանալի բլբլոցը ողջ երեկո վայելեցինք։ Ծնունդը սովորական բան է։ Այն արժանի է նշված լինել միայն այն դեպքում, երբ անցնող տարվա ընթացքում ձեռքբերումներդ գոհացրել են քեզ։ Եթե 28-ի ու 29-ի միջակայքում նվաճումներդ աչքիդ աննշան են թվում՝ ինչը՞ պիտի նշես, որ մեծացար ևս մեկ տարո՞վ։ Հետո էլ, երբ երեխաներդ ծնվում են, քո ծնունդն այլևս անմիտ մի բան է դառնում։ Դու ապրում ես առանց հաշվելու, քանի որ քո հաշվարկն ամբողջությամբ նվիրում ես իրենց։

Հեղինակ` Տաթևեր Լազարյան