Քանյե Ուեսթը խոստովանել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններին իր մասնակցությունը ձախողման է դատապարտված

Ամերիկացի ռեփեր, Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթը խոստովանել է, որ ԱՄՆ նախագահի ընտրություններին իր մասնակցությունը ձախողման է դատապարտված:

Forbes ամսագրին տված հարցազրույցում ամերիկացի ռեփերը համաձայնել է այն դիտարկմանը, որ իրեն որևէ կերպ չի հաջողվի ստանալ 538 ընտրիչից առնվազն 270-ի քվեն՝ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու համար:

«Ես դա չեմ հերքում, ես հենց նոր ինքս այդ մասին ասացի»,- նշել է Ուեսթը՝ պատասխանելով հարցազրուցավարի այն վարկածին, որ ընտրությունների ժամանակ ինքն առավելապես աֆրոամերիկացիների քվեներն է ստանալու՝ նվազեցնելով նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի ձայներն ու, այդպիսով, նվազեցնելով ընտրություններում հաղթելու նրա շանսերը:

Ամերիկացի ռեփերը նախագահական ընտրություններում որպես անկախ թեկնածու առաջադրվելու մասին հայտնել էր հուլիսի 8-ին: