Օրիգինալ «Կեղտոտ պարեր»-ից 33 տարի անց կնկարահանվի ֆիլմի սիքվելը

Ամերիկյան հանրահայտ «Կեղտոտ պարեր» մելոդրաման, որը 1980-ական թվականների կինոհիթերից էր, 33 տարի անց սիքվել կունենա:

Ինչպես նշում է Daily Mail-ը, գլխավոր հերոսուհուն՝ Բեյբի Հաուսմանին, մարմնավորած Ջենիֆեր Գրեյը հանդես կգա և՛ որպես գլխավոր դերակատար, և՛ որպես պրոդյուսեր:

Տեղեկությունը հաստատել են նաև Lionsgate Films կինոստուդիայից: Ինչ վերաբերում է ֆիլմի մյուս գլխավոր դերակատարին՝ Պատրիկ Սուեյզիին, ապա նա մահացել է 2009 թ.:

«Դա լինելու է ռոմանտիկ, նոստալգիկ ֆիլմ, որին «Կեղտոտ պարեր»-ի երկրպագուները սպասում էին»,- նշել են Lionsgate Films-ից:

«Կեղտոտ պարեր»-ը, ունենալով ընդամենը 5 մլն դոլար բյուջե, համաշխարհային կինովարձույթում հավաքել է մոտ 220 մլն, իսկ Գրեյի և Սուեյզիի անզուգական խաղի շնորհիվ այն դարձել է փոփ մշակույթի գագաթնակետից մեկը: