Քարդաշյանն ամուսնուն առաջարկել է դուրս գալ այս տարվա նախագահական մրցապայքարից՝ խոստանալով 2024թ. առաջադվելու դեպքում աջակցել նրան

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, որն այժմ ամուսնու և երեխաների հետ Դոմինիկյան Հանրապետությունում է գտնվում՝ փորձելով ընտանեկան ճգնաժամից դուրս գալու տարբերակ գտնել, ամուսնուն՝ ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթին, առաջարկել է դուրս գալ  նախագահական մրցապայքարից:

Ինչպես նշում է Daily Mail-ը, այս մասին հայտնել է զույգին մոտ կանգնած քաջատեղյակ աղբյուրը՝ մանրամասնելով, որ Քարդաշյանն ամուսնուն խոստացել է աջակցել նրա թեկնածությանը, եթե վերջինս դուրս գա մրցապայքարից և համաձանի 2024թ. ընտրություններին մասնակցել:

39-ամյա Քարդաշյանը ցանկանում է, որ Ուեսթը համապատասխան մասնագետների օգնությանը դիմի ու ընդունի քաղաքական խորհրդատուների խորհուրդները: Սակայն Ուեսթը չի ցանկանում հետ կանգել իր որոշումից՝ չնայած, որ այս տարվա ընտրություններում նրա հաղթանակն անիրատեսական է:

«Սակայն, ինչպես երևում է, Քանյեն հաստատակամ է ու կարծում է, որ նախագահ դառնալն Աստծո ծրագիրն է: Եվ եթե այսպես շարունակվի, ոչ ոք չի զարմանա, եթե մինչև տարեվերջ Քիմն ու Քանյեն ամուսնալուծվեն: Քիմը կարծում էր, որ երեխաների հետ այլ երկրում հանգիստը Քանյեին հիշեցնի, որ իր ամենակարևոր գործը հայր լինելն է, մինչդեռ ռեփերը շարունակում է կենտրոնանալ նախընտրական քարոզարշավի վրա: Եթե նա շարունակի անտեսել Քիմին և նրա խնդրանքները, ապա ամուսնությունը մի քանի ամսից ավելի չի տևի»,- ասել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը մեկնել են Կարիբյան կղզիներ՝ փորձելով փրկել իրենց ամուսնությունը: Քաջատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ սա աստղային զույգի՝ իրենց ամուսնությունը փրկելու վերջին հուսահատ փորձն է: Նրանք նշում են, որ Ուեսթի՝ վերջին շրջանում դրսևորած տարօրինակ վարքի պատճառով զույգի ամուսնությունը «թելից է կախված»: Ըստ TMZ կայքի՝ Քարդաշյանն ու Ուեսթը մասնավոր օդանավով Կարիբյան կղզիների հեռավոր անկյուններից մեկն են մեկնել՝ փորձելով հարաբերությունները շտկել, քանի դեռ շատ ուշ չէ: