Հայկ Հովհաննիսյանն ու Արա Դեղտրիկյանն այլևս չեն լինի նախագծում․ վերսկսվել են «Երկուսով»-ի նկարահանումները

Երկուշաբթի՝ օգոստոսի 10-ին, վերսկսել են «Երկուսով» հեռուստասերիալի նկարահանումները։ Այս մասին ShowBiz.am կայքի հետ զրույցում հայտնել է նախագծի սցենարիստ Անի Մաղաքյանը։

«Եթերում լինելու հետ կապված հստակ օր չեմ կարող նշել, ամեն ինչ կախված է նկարահանումների ընթացքից, քանի որ անընդհատ ինչ-որ անկանխատեսելի ու չնախատեսված խնդիրներ են առաջանում։ Հուսով եմ, որ նկարահանումները անխափան առաջ կգնան և հնարավորինս շուտ կհայտնվենք հեռուստաեթերում»,- պատմում է սցենարիստը։

Խոսելով նկարահանումների առաջին օրվա մասին՝ Անի Մաղաքյանը նշում է․ «Խումբը չափազանց ոգևորված աշխատում է, քանի որ դերասանական ու նկարահանող անձնակազմը կարոտել էին թե՛ նկարահանումները և թե՛ միմյանց հետ աշխատելը։ Մի փոքր բարդ է  միանգամից մտնել տեմպի մեջ, բայց առաջին անգամը չէ, բոլորն էլ իրենց հմտությունները գործի են դրել, որպեսզի ամեն բան լավ ստացվի»։

Կարանտինն իր ազդեցությունն է թողել նաև սցենարի վրա՝ հանգեցնելով որոշակի փոփոխությունների․ «Սցենարի վրա անդրադարձել է այնքանով, որ կարանտինը նախատեսվածից երկար տևեց ու դրանով պայմանավորված մեր եթերային դադարը, և արդեն պատրաստի սցենարը, որն ունեինք նախապես, մի փոքր փոփոխությունների է ենթարկվել, որպեսզի երկար դադարից հետո հեռուստադիտողը փոփոխություն տեսնի նաև իր սիրած պատմության մեջ, այսինքն՝ նույն կետից չշարունակվի և հետ չգանք նույն իրավիճակին, այլ ինչ-որ թարմություն բերենք, այդպիսով՝ հեռուստադիտողը հնարավորություն կունենա հետևելու արդեն իսկ ծանոթ պատմությանը նոր տեսանկյունից»։

Անսպասելի փոփոխություններ են կատարվել նաև դերասանական կազմում․ «Փոփոխություններ առայժմ կան միայն փոխարինման սկզբունքով։ Այսպիսով՝ հեռուստասերիալում Հայկ Հովհաննիսյանին փոխարինել է Կարապետ Եղոյանը, իսկ Արա Դեղտրիկյանի փոխարեն կներկայանա Սևակ Սանթրոսյանը։ Արա Դեղտրիկյանը չի շարունակի նկարահանվել, քանի որ երկրում չէ, իսկ վերադարձի ամսաթիվը չի համընկնում «Երկուսով»-ի գրաֆիկի հետ, այդքան չէինք կարող սպասել։ Իսկ Հայկի հետ պայմանավորվածություն ունեցել է մեր ռեժիսորը, որի մանրամասներից ես տեղյակ չեմ և փորձում եմ չխառնվել»։

Այս ընթացքում հեռուստասերիալի երկրպագուները չեն դադարել սիրել և սպասել նախագծի էկրաններ վերադառնալուն, ըստ Անիի՝ դա է եղել այս պահին նկարահանումները վերսկսելու հիմնական պատճառը։ «Այլևս նպատակահարմար չգտանք սպասել, առանց այդ էլ դադարը բավականին երկար տևեց։ Մենք անընդհատ աշխատում էինք այն ուղղությամբ, որ հնարավորինս արագ վերսկսենք նկարահանումները, որովհետև սպասողները շատ-շատ էին։ Իհարկե, մենք սովոր ենք հեռուստադիտողի այդչափ սիրուն և ուշադրությանը, բայց իրոք, անսպասելի էր, որ երկու ամսից ավելի հեռուստադիտողը կարող է նստած սպասել մեր վերադարձին։ Այնքան նամակներ, այնքան արձագանքներ ենք ստացել, որոնք ևս շատ պարտավորեցնող էին, ու մեզ ստիպում էին օր առաջ ամեն բան անել նկարահանումներին վերադառնալու համար։ Այնպես որ՝ առաջին իսկ հնարավորության դեպքում ձեռնմուխ եղանք դրա իրականացմանը»,- կիսվում է սցենարիստը։

Անին զրույցի ընթացքում նաև նշեց, որ նկարահանման հրապարակում պահպանվում են բոլոր անվտանգության կանոններն ու հրահանգները․ «Մեզ մոտ բոլորն էլ մեծ ուշադրությամբ հետևում են պարետի որոշումներին ու ցուցումներին, այնպես որ նկարահանումները դերասանների և մյուս անձնակազմի համար անցնում են անվտանգ պայմաններում, ոչ ոք անհանգստանալու կամ վախենալու առիթ հաստատ չունի»։

Նախագծի սցենարիստը նաև հույս հայտնեց, որ այս դադարը դրականապես կանդրադառնա հեռուստասերիալի ռեյտինգի ու պահանջարկի վրա․ «Ճիշտն ասած, կարող է մի փոքր տարօրինակ հնչել, բայց ինձ մոտ այնպիսի տպավորություն է, հիմնվելով արձագանքների վրա, որ մենք ավելի շատ ենք դիտումներ ունենալու։ Ես վստահ եմ՝ այն լսարանը, որն ունեինք, հաստատ մինչև հիմա էլ պահպանվել է ու հիմա նաև համոզված եմ, որ այդ թիվն ընթացքում կավելանա»։

Հեղինակ` Լուս Ավագյան