Այս անգամ ինչու՞ է Անջելինա Ջոլին դիմում ներկայացրել դատարան․ մանրամասներ

Արդեն չորս տարի է, ինչ 45-ամյա Անջելինա Ջոլին և 56-ամյա Բրեդ Փիթը չեն կարողանում վերջ տալ իրենց ամուսնալուծության գործընթացին։ Արևմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ դերասանուհին միջնորդություն է ներկայացրել Լոս Անջելեսի Գերագույն դատարան՝ մասնավոր դատավոր Ջոն Ուդերկիրքի գործունեությունը կասեցնելու դիմումով, որը ղեկավարում էր հոլիվուդյան զույգի վեց երեխաների խնամակալության գործընթացը։

«Ասոշիեյթիդ պրես» գործակալության փոխանցմամբ, Ջոլիի հայցադիմումի պատճառը ենթադրաբար Ուդերկիրքի և Բրեդ Փիթի փաստաբաններից մեկի միջև եղած գործնական կապն էր , որի մասին փաստաբանները չէին տեղեկացրել դատավարության մյուս մասնակիցներին: Անջելինա Ջոլիի պաշտպանական միջնորդությունում նշվում է, որ դերասանի փաստաբանը գործել է ի շահ դատավորի ֆինանսական շահերի: Քանի որ աստղերի դատավարությունն անցկացվում է փակ դռների հետևում, լրատվամիջոցներին հայտնի չեն դատավարության բոլոր մանրամասները։ 2019 թվականին Ջոլիի և Փիթի ամուսնությունը լուծարվեց, բայց դատարանում նրանց վեճը չավարտվեց, քանի որ հայտնի մարդիկ չեն կարողանում համաձայնության գալ գույքի բաժանման և երեխաների խնամակալության վերաբերյալ: