Բելառուս օպերային երգիչ Իլյա Սիլչուկովը հրաժարվել է Լուկաշենկոյի մրցանակից

Բելառուսի Մեծ թատրոնի մենակատար, օպերային երգիչ Իլյա Սիլչուկովը հրաժարվել է տաղանդավոր երիտասարդների աջակցմանն ուղղված նախագահի մրցանակի դափնեկրի կոչումից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալութունը։

«Կատարվածի ֆոնին ես հրաժարվում եմ տաղանդավոր երիտասարդների աջակցմանն ուղղված Բելառուսի Հանրապետության նախագահի գլխավոր մրցանակի եռակի դափնեկրի կոչումից։ Սա անասելի փոքր կորուստ է երիտասարդ հերոսների խորտակված կյանքերի համեմատ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Հայտնի է, որ ավելի վաղ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովն էր հրաժարվել Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից իրեն տրված Ֆրանցիսկ Սկորինայի շքանշանից։ Երաժիշտը քաղաքական գործչին անվանել էր ղեկավար, որը մարդասիրության հետ անհամատեղելի պայմաններ է ստեղծել իր ժողովրդի կյանքի համար, և հայտարարել էր, որ իշխանությունները դաժանորեն ճնշում են ժողովրդի կամքը։

Հիշեցնենք, որ զանգվածային ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր: Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն` ավելի քան 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: