Պիեռ Ռիշարն այսօր դարձավ 86 տարեկան․ հետաքրքիր մանրամասներ դերասանի կյանքից

Ֆրանսիացի սիրված դերասան Պիեռ Ռիշարն օգոստոսի 16-ին նշում է իր 86-ամյակը: Դերասանի կինոկարիերան արագ զարգացում չի ունեցել. իր առաջին նշանակալի և հիշվող դերը նա ստացել է միայն 33 տարեկանում:
Պիեռ Ռիշար Մորիս Շառլ Լեոպոլդ Դեֆեյը ծնվել է 1934 թվականի օգոստոսի 16-ին տեքստիլ արդյունաբերողի ընտանիքում։ Մանկությունն անցել է պապի ընտանիքում, ով ծագում էր ազնվանական տոհմից։ Չափահաս դառնալուց հետո տեղափոխվում է Փարիզ։ Չնայած նրա պապը դեմ էր, սակայն Փարիզում նա մասնակցում է դրամատիկական կուրսերի։ Դրանից հետո նա բաժանվում է ընտանիքից։

Ռիշարին հաջողվում է մասնակցել դերասան և թատերական ռեժիսոր Շառլ Դյուլենի կուրսերին, այնուհետև նա փորձաշրջան է անցնում մեկ այլ թատերական ռեժիսոր Ժան Վիլարի մոտ։ Սակայն թատրոնում նրա աշխատանքը, կարելի է ասել, չի հաջողվում. այնտեղ նա խաղում է միայն երկրորդական դերեր։ Թատրոնից բացի՝ Ռիշարը ստիպված է լինում աշխատել նաև երաժշտական սրճարաններում և կաբարեներում: Նա նաև պարում էր։

Սկզբնական շրջանում խաղացել է հեռուստատեսային ֆիլմերում։ Առաջին դերը կինոյում 1957 թվականին նկարահանված «Մոնպառնաս, 19» ֆիլմում խաղացած էպիզոդիկ դերն էր։ 1967 թվականին նկարահանվում է ռեժիսոր Իվ Ռոբերի «Օրհնված Ալեքսանդրը» ֆիլմի նկարահանումներին, հետո նկարահանվում է Ռոբերի մի քանի ֆիլմերում, մասնավորապես՝ «Սև կոշիկով բարձրահասակ շիկահերը» և «Բարձրահասակ շիկահերի վերադարձը» կատակերգություններում։

Դերասանին ճանաչում բերեց 1976 թվականին Ֆրանսիս Վեբերի «Խաղալիքը» ֆիլմում լրագրող Ֆրանսուա Պերենի դերը։ Դրան հաջորդեցին Վեբերի ևս մի քանի աշխատանք Ժերար Դեպարդիեի հետ, որոնցից հետո թե՛ Պիեռ Ռիշարը, թե՛ Ժերար Դեպարդիեն դարձան հանրահայտ դերասաններ, իսկ կյանքում՝ ընկերներ։ Դրանք են «Ձախողակները», «Հայրիկները» և «Փախստականները»։ Մյուս նշանավոր աշխատանքներից էին «Ծակոց հովանոցով», «Վերելակից ձախ», «Ռոբինզոն Կրուզո» և այլն։

1996 թվականին նկարահանվում է վրացի ռեժիսոր Նանի Ջորջաձեի «Սիրահարված խոհարարի հազար ու մեկ բաղադրատոմսերը» քաղաքական կատակերգությունում, որի համար Կաննի կինոփառատոնում արժանանում է «Լավագույն դերասան» մրցանակին։ 1996 թվականից սկսած` խաղում է նաև «Ալեֆ» թատրոնում։

Ռիշարը հայտնի է իբրև կատակերգու դերասան, թեպետ ինքը համոզված է, որ միայն դրամատիկ դերերն են հնարավորություն տալիս, որ արտիստի տաղանդը բացահայտվի ամբողջ ծավալով: Դերասանի ընկերն ու գործընկերը՝ Ժերար Դեպարդիեն, Ռիշարին անվանում է «տրագիկ դերասան, ով թաքնվում է կատակերգուի դիմակի տակ»: