Ինչո՞ւ է Արմեն Միքայելյանը տխուր իր ծննդյան օրը

Դերասան Արմեն Միքայելյանը, ով հայտնի է հեռուստադիտողներին «Վերջին ուսուցիչը» հեռուստասերիալից, այսօր նշում է իր 25-ամյակը:
Showbiz.am կայքի հետ զրույցում Արմենը պատմեց, թե ինչու է ամեն տարի ծննդյան օրը տխրում, ինչ նվերներ է նախընտրում և ինչպիսին է իրեն պատկերացնում 10 տարի անց:

Դերասանը նշեց, որ իր ծննդյան օրերը գրեթե երբեք չի դիմավորում լավ ու բարձր տրամադրությամբ:
«Մեկ քայլ եմ անում նորից դեպի հավիտենական կյանքը, ու դա արդեն ինձ սկսում է սարսափեցնել: Ինչի՞ եմ հասել այս 25 տարիների ընթացքում, ի՞նչն եմ կիսատ թողել, և ի՞նչն եմ իրականում ավարտին հասցրել: Այս ու նմանատիպ հարցերն ինձ մոտ միշտ առաջանում են ծննդյանս նախորդող օրերին, ու սկսում է տրամադրության անկումը: Չեմ հիշում մի տարեդարձ, որի ժամանակ ես ուրախ կլինեմ»,- բացատրում է Արմենը:

Սակայն դերասանը նկատում է, որ այս տարիների ընթացքում բավականին շատ բան է փոխվել իր բնավորության մեջ:
«Փոքր տարիքում շատ էի բռնկվում, ագրեսիվ էի լինում: Հիմա ավելի հանգիստ եմ դարձել: Շատ հարցերի ըմբռնումով եմ մոտենում, փորձում եմ ամեն բան հարթել»,- ասում է Արմենը:

Դերասանը նաև կիսվում է, թե ամեն տարի տորթի մոմերը փչելիս ինչ երազանք է պահեում. «Մոմերը փչելիս Աստծուց խնդրում եմ միայն մեկ բան՝ կատարի այն երազանքները, որոնք բարի են ու կատարյալ, որոնք ի օգուտ ինձ են, և ոչ թե իմ ցանկություններն են: Իսկ ցանկություններս շատ-շատ են: Բայց արդյո՞ք դրանք ինձ պետք են»:

Դե իհարկե, ծննդյան տոնի ամենակարևոր մասն են նվերները: Դերասանը պատմում է, թե ինչպիսի նվերներ է սիրում ստանալ, և որ նվերներն են նրան նյարդայնացնում:
«Ճիշտն ասած, ես ավելի շատ սիրում եմ նվիրել, քան ստանալ: Բայց եթե ինձ նվեր են տալիս կամ հարցնում են` ինչ նվեր կցանկանայի, միանշանակ պատասխանում եմ՝ գիրք կամ օծանելիք: Փոքր ժամանակ հիշում եմ, շատ էի զայրանում, որ հյուրերը գալիս էին մեր տուն, ու որպես ծննդյան նվեր ինձ համար սուրճի բաժակներ էին բերում»,- ժպիտով անկեղծանում է Արմենն ու հավելում,- «մի փոքր արդար չէին իմ հանդեպ: Այ այդպիսի նվերներ չեմ սիրում: Իսկ ամենահիշվող նվերները ամեն տարի ստանում եմ քույրիկիցս: Նա միշտ փորձում է ինձ տարբեր նվերներով ուրախացնել»:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ մաղթանք ունի դերասանն ինքն իր համար, Արմենն ասում է. «Ինձ, և այն հարազատներիս ում ծննդյան տարեդարձը անպայման շնորհավորում եմ, մաղթում եմ ամենակարևորը՝ հույս, հավատ և սեր: Կյանքի ամանակարևոր բաղադրիչները, որոնց համար արժի ծնվել ու ապրել»:

Իր խոսքը եզրափակելով՝ դերասանը կիսվում է, թե ինչպիսին է իրեն պատկերացնում 5-10 տարի անց. «10 տարի հետո հենց հիմա աչքիս առաջ միայն մի տեսարան եկավ՝ երեխաներիս ուղեկցում եմ դպրոց»: