Կանադայում գիշերային ակումբի պարուհին կարող է մոտ 550 տղամարդու կորոնավիրուսով վարակած լինել

Կանադական Տորոնտո քաղաքի ամենահայտնի գիշերային ակումբներից մեկի աշխատակցուհին, որի մոտ կորոնավիրուսային վարակ է ախտորոշվել, ըստ ամենայնի, վարակել է 550 մարդու, հայտնում է The Guardian-ը:

Հատկանշական է, որ վարակումը տեղի է ունեցել Brass Rail Tavern ակումբի վերաբացումից մի քանի օր անց: «Մեղավոր» պարուհու ինքնությունը չի հրապարակվել: Հայտնի է միայն, որ նա ակումբում պարել է օգոստոսի 4-ին, 5-ին, 7-ին և 8-ին:

Այժմ գիշերային ակումբի՝ այդ օրերի այցելուները պետք է հետևեն իրենց առողջական վիճակին ու կորոնավիրուսի ախտանշանների ի հայտ գալուն պես դիմեն հիվանդանոց:

«Գիտեք՝ որքան դժվար կլինի գտնել կոնտակտավոր 550 տղամարդու, որոնց կեսը, ըստ ամենայնի, կեղծ ID-ով է գիշերային ակումբ մտել»,- նշել է Տորոնտոյի համալսարանի վարակիչ հիվանդությունների գծով պրոֆեսոր Էնդրյու Մորիսը:

Մինչդեռ Օնտարիոյի նահանգապետը, անդրադառնալով դեպքին, նշել է, որ իրականում  ցավում է Brass Rail գիշերային ակումբում եղած տղամարդկանց կանանց համար:

Ինչ վերաբերում է հանրային արձագանքին, ապա քաղաքացիների մեծ մասը վիճահարույց է համարել այն որոշումը, ըստ որի՝ գիշերային ակումբները, մասնավորապես՝ սթրիփ ակումբները վերաբացվել են, իսկ դպրոցների վերաբացումը հարցականի տակ է: