Սեպտեմբերին Հայաստանում կանցկացվի գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնը

Հանրապետության նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանում կայանալիք գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնը յուրատեսակ խթան կարող է հանդիսանալ զբոսաշրջության ոլորտն առաջ մղելու համար։
«Նախագահ Արմեն Սարգսյանը STARMUS–ը կարևոր քայլ է համարում զբոսաշրջության զարգացման համար: Արձանագրելով, որ կորոնավիրուսի պատճառով զբոսաշրջության և դրա հետ կապված հյուրանոցային, սպասարկման, ռեստորանային բիզնեսի վիճակը բավականին բարդ է` նախագահն ակնկալում է, որ հաջորդ տարի զբոսաշրջության ոլորտում իրավիճակը որոշակիորեն բարելավված կլինի, ընդ որում՝ շնորհիվ նաև STARMUS-ի»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության աջակցությամբ 2021 թ. սեպտեմբերի 6-11-ը Հայաստանում նախատեսվում է անցկացնել գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնը։
Նախատեսվում է, որ հաջորդ տարի սեպտեմբերին Հայաստանը մեկ շաբաթով կդառնա տեխնոլոգիաների, գիտության, երաժշտության ու արվեստի միջազգային կենտրոն: Ակնկալվող բազմահազար մասնակիցների և այցելուների մեջ կլինեն Նոբելյան մրցանակակիրներ, անվանի գիտնականներ ու երաժիշտներ, մեծ թիվ կկազմեն նաև մեր հայրենակիցները: