Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը թեև ներընտանեկան ճգնաժամային իրավիճակում է ամուսնու՝ ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթի հետ, սակայն դա նրան չի խանգարել աջակցություն հայտնել Ուեսթի՝ արդեն ավանդական դարձած կիրակնօրյա պատարագ-համերգներին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, համավարակից ի վեր առաջին անգամ Ուեսթը կիրակնօրյա պատարագ-համերգ է անցկացրել, որի վերաբերյալ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել:
Միջոցառումն անցկացվել է Վայոմինգ նահանգի գեղատեսիլ անկյուններից մեկում:
«Գուշակեք՝ ով է վերադարձել»,- տեսանյութը մակագրել է Քարդաշյանը՝ մանրամասնելով, որ համերգը տեղի է ունեցել իրենց թանկարժեք ռանչոյի տարածքում: Նա նաև նշել է, որ Քանյեի թիմն ամեն ինչ արել է համավարակի պայմաններում մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար:
Տեսանյութում երևում է, որ ոտքից գլուխ կարմիր հագած տղամարդը նվագում է դաշնամուր, այնուհետև նրան է միանում կարմրազգեստ երգչախումբը: Կադրում երևում են նաև զույգի երեխաները:
Ավելի վաղ Ուեսթը, որը վերջին շրջանում տարօրինակ վարքագիծ է դրսևորում՝ մեկը մյուսից սկանդալային գրառումներ անելով Twitter-ում, հրապարակավ ներողություն է խնդրել կնոջից՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից:
Ուեսթն իր թվիթերյան էջում կնոջից ներողություն է խնդրել անձնական կյանքի գաղտնիքները հրապարակայնացնելու և դրանով սիրելիին ցավ պատճառելու համար:
Դրանից հետո նրանք Կարիբյան կղզիներ են մեկնել՝ փորձելով փրկել ամուսնությունը: