Քանյե Ուեսթն ուզում է TikTok-ի քրիստոնեական տարբերակը ստեղծել՝ JesusTok-ը

Ռեփեր Քանյե Ուեսթն իր մտահոգությունն է հայտնել TikTok-ի մասին և ասել, որ ցանկանում է ստեղծել ավելի նոր, ավելի լավ տարբերակ, որը նաև քրիստոնեական կլինի՝ JesusTok անունով։

Ռեփերն ասել է, որ աղջկա հետ դիտել է հավելվածում տեղադրված վիդեոներն ու իրեն դուր չի եկել այնտեղ տեսածը։

«Միտքը հենց նոր է ինձ մոտ ծագել, JesusTok։ Ես դիտում էի TikTok աղջկաս հետ և որպես քրիստոնյա հայր, ինձ անհանգստացնում է կոնտենտի մեծ մասը, բայց ես հավանում եմ տեխնոլոգիան»,- գրել է ռեփերը թվիթերյան իր միկրոբլոգում։

43-ամյա Ուեսթն ասել է, որ հավելվածի համար իր նոր գաղափարը նման է TikTok-ին, բայց կոնտենտն ավելի հարմար կլինի երեխաներին։ Ուեսթը գրել է նաև, որ TikTok-ի հետ գործակցության դեպքում կարելի է ստեղծել ավելի քրիստոնեական տարբերակ՝ երեխաների անվտանգությունն ապահովելու համար։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է արգելել չինական TikTok հավելվածն իր երկրի տարածքում։ Նա երկրի ընկերություններին մինչև սեպտեմբերի 15-ը ժամանակ է տվել TikTok-ի ամերիկյան հատվածը գնելու համար։ Թրամփի ադմինիստրացիան մեղադրում է TikTok-ին օգտատերերի անձնական տվյալները Պեկինին փոխանցելու մեջ։ Հավելվածի սեփականատերերը չեն ընդունում մեղադրանքը։