«Ստիպված էինք երկու կիլոմետրից ավելի քայլել սարերում, որտեղ շատ օձեր կային»․ Համլետ Ղազարյանը՝ նոր ֆոտոշարքի մասին

Մինչ մյուսները ձանձրանում են կարանտինի ընթացքում և անդադար զբաղմունք են փնտրում իրենց համար, դերասան Համլետ Ղազարյանը կնոջ հետ հետաքրքիր ֆոտոշարքի է մասնակցել, որն առաջինը տրամադրել է Showbiz.am կայքին։
Մեզ հետ զրույցում դերասանը պատմում է, թե որքան խոչընդոտներ են հաղթահարել ֆոտոշարքն իրականացնելու համար, և թե ինչ նորություն է ինքը նախապատրաստել երկրպագուների համար։

Համլետը, պատմելով ֆոտոշարքի մասին, ասում է․ «Ֆոտոշարքի գաղափարը լուսանկարիչ Մինաս Ղազարյանինն էր, դեռ մայիսին կամ հունիսին էինք նախատեսել, բայց անընդհատ հետաձգվում էր»։
Մինաս Ղազարյանը նկարահանումները որոշել է իրականացնել Հրեշտակների ձորում, որտեղ հասնել, առհասարակ, բավականին բարդ է։
Համլետը հիշում է, որ բավականին դժվարությամբ են կարողացել հասնել այդ ձորը․ «Այնտեղ հասնելու համար ստիպված էինք երկու կիլոմետրից ավելի ոտքով անցնել սարերով, որտեղ, ասում էին, շատ օձեր կային, կարծում եմ՝ առավել բարդ էր հենց Մինասի համար, որովհետև իր ուզած ռակուրսից նկարելու համար ստիպված էր ժայռը մագլցել»:

Խոսելով կարանտինի մասին՝ դերասանը նշում է, որ այն բացի վնասից նաև օգտակար կողմեր էլ է ունեցել։
«Ինչպես բոլոր աշխատող ու ակտիվ աշխատանքային ռիթմի մեջ գտնվող մարդկանց մոտ, այնպես էլ ինձ մոտ մի շարք ծրագրեր կա՛մ չեղյալ համարվեցին, կա՛մ հետաձգվեցին, բայց մյուս կողմից այս դադարը, չնայած որոշ դժվարություններ առաջ բերեց, ամեն դեպքում հնարավորություն տվեց մի քանի նոր գաղափարներ կյանքի կոչել»,- կիսվում է Համլետը։

Showbiz.am կայքի հետ զրույցում դերասանն առաջին անգամ հայտնեց, որ շուտով եթերում կլինի իր նոր ռադիոծրագիրը, որի մանրամանսերը նա կբացահայտի փորք-ինչ ավելի ուշ։