«Պետք է անհապաղ բաժանվել Շուկշինայից»․ Բարի Ալիբասովը և Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան բաժանվում են

Պրոդյուսեր Բարի Ալիբասովը բաժանվում է դերասանուհի Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինայից, «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Ալիբասովի ներկայացուցիչ Վադիմ Գորժանկինը։

Նշվում է, որ բաժանման պատճառն «անլուծելի տարաձայնություններն» են եղել։

«Պետք է անհապաղ բաժանվել Շուկշինայից, նրա ընտանիքում ինչ-որ անհեթեթություն է տեղի ունենում․․․ Այդ պատճառով էլ ամուսնալուծության գործընթաց ենք սկսում։ Ցավոք, այն հարաբերությունները, որ մեր միջև կային ծանոթության և հետագա 25 տարվա ընթացքում, այլևս վերադարձնել հնարավոր չէ»,- Starhit-ին ասել է Ալիբասովը։

Հայտնի է, որ պրոդյուսերի շահերը պաշտպանելու է փաստաբան Սերգեյ Ժորինը։

Նշվում է, որ աշնանը Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան ամուսնուն մայրաքաղաքի «Նոր Մոսկվա» շրջանում մոտ 10 միլիոն ռուբլի արժողությամբ տուն է նվիրել։ Ալիբասովը, իր հերթին, այն իր օգնականի անունով է գրանցել, իսկ կինը վերավաճառքի մասին ոչինչ չի իմացել և շարունակել է կոմունալ ծախսերի համար վճարել, նա վիճարկել է գործարքը։

Դերասանուհու փաստաբանի խոսքով՝ նվիրատվության մասին պայմանագիրը Ֆեդոսեևա-Շուկշինան հիվանդությունից հետո՝ դեղորայքի ազդեցության տակ է ստորագրել։ Նա կարծել է, թե վաճառքի մասին փաստաթուղթը կտակի լրացումներից է։

Այժմ գործարքը վիճարկվում է դատարանում, իսկ բնակարանի վրա կալանք է դրված։