«Ամբողջ ընթացքում անընդհատ լաց էի լինում»․ Նազիկ Բաղդասարյանը՝ կորոնավիրուսով վարակվելու և բուժվելու մասին

Թատրոնի և կինոյի դերասանուհի Նազիկ Բաղդասարյանը վարակվել է կորոնավիրուսով և արդեն հասցրել է բուժվել։  ShowBiz.am-ի հետ զրույցում դերասանուհին անձամբ է հայտնել այս մասին, ինչպես նաև պատմել հիվանդության ընթացքի, բուժման, իր ապրումների և վախերի մասին՝ անդրադառնալով նաև գործնական առաջարկներին և ծրագրերին։

Խոսելով վարակվելու, իր ինքնազգացողության և ախտանիշների մասին՝ Նազիկը պատմում է․ «Գիտեմ՝ կոնկրետ ումից եմ վարակվել։ Շփվել եմ վարակակրի հետ, բայց այդ ժամանակ չեմ իմացել դրա մասին։ Հետո պարզվեց, որ այդ անձը կորոնավիրուսով է վարակված ու նա էլ այդ մասին չի իմացել։ Մի քանի օր հետո ինձ ասաց, որ իրեն վատ է զգացել, դրա համար էլ թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել։ Իր հետ շփվելուց յոթ օր հետո ինձ մոտ ևս սիմտոմներ առաջացան, և ես հասկացա, որ հիվանդացել եմ։ Սկզբնական շրջանում ջերմություն ունեի, հետո նաև թուլություն։ Այդ ամբողջ ընթացքում ես մշտապես ջերմել եմ և մարմի ահավոր ցավ եմ ունեցել։ Իմ ախտանիշները սրանք են եղել։ Չնայած որ արդեն ապաքինվել եմ, բայց միևնույնն է դեռևս շարունակում եմ շատ արագ հոգնել ու թուլություն զգալ»։

Դերասանուհին նշեց, որ ինքը ոչ ոքի չի վարակել, ինչի համար շատ ուրախ է․ «Ամեն դեպքում ինձ շատ վատ կզգայի, եթե իմանայի, որ ինչ-որ մեկին հանկարծ վարակել եմ, ու նա ծանր է տարել հիվանդությունը։ Երբ ես իմացա, որ շփվել եմ հիվանդի հետ, անմիջապես մեկուսացա, չնայած որ այդ ժամանակ դեռևս ոչ մի ախտանշան չունեի։ Մենք ընտանիքով ենք մեկուսացել, ամուսինս չէր գնում աշխատանքի, երեխաս էլ տանից առհասարակ դուրս չէր գալիս»։

Նազիկը պատմում է, որ հիվանդության ընթացքում հաճախակի շունչը կտրվել է ու այդ պահերին իրեն փրկել է պատշգամբը։ «Շատ ժամանակ էի այնտեղ անցկացնում ու փորձում էի մաքուր օդի շնորհիվ շնչառությունս կարգավորել»,- ասում է դերասանուհին, ապա հավելում,- «Ամբողջ ընթացքում ես անընդհատ լաց էի լինում։ Ու արդեն տան անդամների համար դա սովորական էր դարձել, որովհետև միշտ այդ վիճակում էին տեսնում։ Իրոք, պահ էր գալիս, որ ինքդ քեզ կորցնում էիր, ու այլևս հնարավոր չէր զսպել արցունքները»։

Դերասանուհին ուրաշությամբ հայտնեց, որ ամուսինն ու երեխան ևս չեն վարակավել։ «Նրանց համար շատ էի անհանգստանում, մանավանդ, բալիկիս։ Ամեն դեպքում երեխա է, ու ինչքան էլ ասեն, որ նրանք ավելի թեթև են տանում կամ չեն վարակվում, միևնույնն է, անհանգստությունը շատ մեծ էր։ Անընդհատ սպիրտով ախտահանում էի տունը կամ եթե նրանց շատ մոտ էի գտնվում, ստիպված դիմակ էի կրում։ Այն վիտամինները, մրգերն ու բանջարեղենները, որոնք ես եմ օգտագործել, տվել եմ նաև նրանց, որպեսզի իմունիտետն ավելի ամրապնդվի»,- կիսվում է Նազիկը։

Խոսելով իր վախերի ու անհանգստությունների մասին՝ երիտասարդ դերասանուհին պատմում է․ «Ինձ բժիշկս բացատրեց, որ վիրուսը մեր մեջ խուճապ է առաջացնում և շատ է ազդում մեր նյարդային համակարգի վրա, ու դա իսկապես այդպես էր։ Երբ ես թեկուզ մի փոքր թուլանում էի, ես անմիջապես խուճապի մեջ էի ընկնում, ահավոր վախեր էի ունենում։ Չնայաց ասեմ, որ եթե ես վարակված լինեի մի քանի ամիս առաջ, երբ ամեն բան նոր-նոր էր սկսվում, հաստատ ավելի ծանր էի տանելու ու հենց վախերիս պատճառով։ Բայց հիմա, երբ այսքան ժամանակ է անցել, կարծես թե, արդեն կարողանում ենք ապրել այդ վիրուսի հետ ու ավելի քիչ վախենալ։ Այս ընթացքում ինձ շատ-շատ է օգնել իմ բժշկուհին, ով միշտ իմ կողքին է եղել ցանկացած պահի, օրվա ցանկացած ժամի ու միշտ փորձել է ինձ հանգստացնել ու ճիշտ խորհուրդներ տալ»։

Նազիկը պատմում է, որ համի և հոտի զգացումներն ինքը չի կործրել․ «Ընդամենը մեկ օր եղավ, որ ուտելիս ես ոչ մի բան չէի զգում, բայց դա, փառք Աստծո, շատ կարճ տևեց։ Այդ մեկին հաստատ չէի դիմանա))։ Հիմա միայն մնացել է թուլության զգացումը, որը, հույս ունեմ, շուտով ևս կանհետանա»։

Հիվանդությունը դերասանուհուն ստիպել է ամբողջովին կտրել հարազատների ու մտերիմների հետ շփումը․ «Մայրիկիս շատ երկար ժամանակ չեմ տեսել, կարոտել եմ շատ։ Մաման գալիս էր, ինձ համար մրգեր էր թողնում դռան դիմաց, ինձ պաչիկ էր ուղարկում ու գնում։ Իսկ դա ամենացավոտն էր, քանի որ շատ-շատ էի կարոտում նրան։ Բայց իրավիճակի լրջությունը հասկանալով՝ փորձում ենք դեռևս չշփվել»։

Անցնելով այս ամենի միջով ու իր մաշկի վրա զգալով հիվանդության ողջ լրջությունը՝ Նազիկն ասում է․ «Ուզում եմ խոսքս ուղղել այն մարդկանց, ովքեր չեն հավատում կամ ասում են, որ սա սովորական գրիպ է։ Ոչ, դա այդպես չէ։ Երանի թե հենց այդպես լիներ, որովհետև զգացողությունները լրիվ այլ են։ Խորհուրդ եմ տալիս բոլորին անպայման կրել դիմակներ, քանի որ ես չդնելու պատճառով եմ վարակվել»։

Խոսքի մեջ դերասանուհին նաև նշեց, որ այս ընթացքում իրենց համար կարևոր մի բան էլ է եղել․ «Հիվնադանալուցս մի քանի օր առաջ մենք տուն շուն բերեցինք, ու եթե նա չլիներ, չգիտեմ, թե ամբողջ օրը երեքով ինչով պիտի զբաղվեինք։ Իրոք, շատ դժվար է երեխային պահել չորս պատերի ներսում, երբ դրսում բոլորը խաղում են»։

Այս ընթացքում Նազիկը աշխատանքային հետաքրքիր առաջրկների պակաս չի ունեցել, որոնք հասկանալի պատճառներով մերժել է։ «Ամեն անգամ հեռախոսը անջատելուց հետո լացս գալիս էր, քանի որ բարդ էր հրաժարվել սիրածդ գործից։ Բայց հույս ունեմ, որ հիմա ավելի լավ աշխատանքների առաջարկներ կլինեն, ու ես վերջապես կկարողանամ վերադառանալ իմ սիրելի զբաղմունքին»,- պատմում է դերասանուհին։

Հեղինակ՝ Լուս Ավագյան